Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Ադրբեջանի նախագահը վստահ սպառնում և նվաստացնում է մեզ բոլորիս։ Սյունիքի համայնքապետերը արդեն քանիցս ահազանգ են հնչեցնում, սակայն «ազգընտիր» իշխանությունն ու նրա կամակատար «առաջադեմները» բարբաջում են ինչ-որ անհասկանալի «ժողովրդավարության», ընդդիմադիրների դեմ քր․գործեր հարուցելու, կալանավորելու անհրաժեշտության և այլ տխմարությունների մասին։
Գոնե սրանք, իսկապես այդ արժեքների նվիրյալներ լինեին, էլի ինչ-որ չափով հասկանալի կլիներ։ Բայց սրանք չեն «նկատում» իրենց պաշտելի բռնապետիկի կոռուպցիան, անօրինականություններն ու բռնությունները։ Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն, այլ միայն իրենց տերերի կողմից վճարված պատվերով, «նախկինների» դեմ իբր պայքարն է գերագույն նպատակ։
Սյունիքի, լեզուս չի պտտվում, կորստից հետո սրանք կմեղադրեն, որպես «նախկին» Գարեգին Նժդեհին, ով, ի հեճուկս այն տարիների իրենց նմանների, պահել էր Սյունիքը, փոխանակ հանուն «խաղաղության» և «կոռուպցիայի դեմ» պայքարի այն հանձներ թշնամուն»,- գրել է Իշխանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը