Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։
Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։
Կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքի առանցքը պետք է լինի սա։ Եթե այսօրվա հարթակը ինքը գիտակցում է այս իրավիճակը, ապա պետք է կտրուկ փոխի իր բովանդակությունը և աշխատանքի ոճը։ Եթե չի գիտակցում, նա այս տեսքով անելիք չունի։
Եթե սա գիտակցում են նախկին նախագահները, ապա պետք է կտրուկ և հրապարակային հարթեն իրենց տարաձայնությունները և հանդես գան երկիրը Նիկոլից օր առաջ ազատելու վճռականությամբ։Սա է «նախագահական պատասխանատվության» դրսևորումը։
Եթե սա գիտակցում է Հայաստանի ԳՇ և բանակը, ապա պետք է դուրս գան «արիստոկրատի» պոզայից ու կատարեն քայլեր, որը պարտավոր է անել ցանկացած երկրի բանակ՝ պետության փլուզման 100 տոկոսանոց վտանգի ժամանակ և դադարեն համեստորեն սպասել Արմեն Սարգսյանի՝ դժվար կայացվող որոշումներին։
Եթե սա գիտակցում է խորհրդարանական ընդդիմությունը, ապա պետք է դադարեցնի հեզաճկուն հանդիպումները Նիկոլի հետ ու դադարի իրենց ապագա մանդատների թիվը գերնպատակ համարել։
Եթե սա գիտակցում են հանրային դեմքերը, հրապարակային գործիչները, ապա պետք է աներևակալի ահազանգ հնչեցնեն։
Եթե սա գիտակցում է ԱԱԾ-ն, ապա գործելու ժամանակը հիմա է, որովհետև վաղը գործելու իմաստ էլ չի լինելու։
Ես չգիտեմ՝ ով ինչքան է գիտակցում իրավիճակի լրջությունը, վտանգի սրությունը, բայց ժողովուրդը դա չի գիտակցում։ Ուրեմն՝ օրերի խնդիր պետք է դառնա ողջ երկրով մեկ արշավը՝ բացատրել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին։
Մենք ինչո՞վ ենք զբաղված. Էդմոնը Նիկոլին ինչ ասաց, «Սողոմոնյան Գագոն» ինչ գրեց, ում ասուլիսն ով լայքեց կամ դիսլայքեց, ում թիմից ով ինչ ստատուս գրեց... Սա՝ թուրքական պոտենցիալ ներխուժումից ու պետություն կորցնելուց հինգ րոպե առաջ։
Այս իշխանությունից որևէ բան սպասել պետք չէ. դատելով զարգացումներից՝ նրանք խորը թելերով կապված են թուրքական շահի հետ։ Ով ինչքան խորը՝ ես չգիտեմ, դա կարող է պարզել միայն քննությունը։Բայց որպես հավաքական միավոր՝ այս իշխանությունը Չպետությունն է։ Նրանք մտածում են միայն իրենց լինելու մասին ու առավելագույնը կարող են Սպարապետի շիրիմին կոկորդիլոսի արցունք թափել ու կործանել երկիրը։
Թուրքական կողմը կոնկրետ ձևակերպումներով ու կոնկրետ քարտեզներով է ցույց տալիս, թե ինչպես է առաջիկայում մասնատելու Հայաստանը։ Կոնկրետ զորավարժություններ են անում։ Կոնկրետ ճնշումներ ու կոնկրետ ժամկետներ։
ՀՀ իշխանությունը նույնպես «զորավարժություններ» է կազմակերպում՝ հրապարակի բերովի միտինգի և հայկական բանակի դեմ գործողությունների տեսքով։
Պայքարի մի հստակ բանաձև կա՝ ամեն ոք, ով որոշել է պայքարել, դա անում է ոչ թե հարթակի, ոչ թե այս կամ այն մարդու կամ կուսակցության, այլ՝ իր երեխաների համար։ Ու պետք չէ մեղադրել մյուսին, թե լավ չեն պայքարում։ Ամեն ոք հանուն իր երեխայի պետք է անի պայքարը։
Եվ բոլոր նրանք, ովքեր միշտ դիտորդ են, ովքեր ամեն արհեստական պատճառաբանություն բերում են, թե ինչու են տանը ու անտարբեր, թե ինչու են վախենում, պետք է հստակ իմանան, որ եթե շարունակվի այդպես, ապա շատ շուտով ավելի մեծ ու բնական վախենալու պատճառ կարող է լինել։
Սկսվել և մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ, հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կխժռեն ամեն ինչ։ Ահռելի քանակությամբ ձեռք կբերվեն անշարժ գույք և հողեր։ Կստիպեն՝ փոխել օրենքները։
Այս իշխանությունը կա´մ ի սկզբանե, կա´մ կատարված փաստի արդյունքում հանձվել է թուրքերին։Այն չունի դիմակայելու ռեսուրս։ Այն չի հասկանում, որ խաղաղ մրցակցությունը նույնպես կոշտ մրցակցություն է։ Չի պատկերացնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ պայմաններում պետք է արժանապատիվ հարաբերություններ ձևեավորել, ոչ թե՝ հանձնվել։
Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը