26 02 2021

Ինչպե՞ս է Արմեն Աբզայանը համաձայնում Արայիկի ու Թորոսյանի հետ միասին բանագնաց աշխատել

Ինչպե՞ս է Արմեն Աբզայանը համաձայնում Արայիկի ու Թորոսյանի հետ միասին բանագնաց աշխատել

Այսօր, տեղեկություն հրապարակվեց, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն առավոտյան 10-ից այցելել են ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ բանակցությունների։ Երեկ էլ տեղեկություն հրապարակեց, որ Աբազյանը նույն առաքելությամբ գնացել է մեկ այլ մարդու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախ անհասկանալի է, թե ինչու է ԱԱԾ տնօրենը համաձայնում որևէ առաքելություն իրականացնել հեղինակությունից զուրկ այս գործիչների հետ միասին։

Արմեն Աբազյանը պետք է Արսեն Թորոսյանի հետ շփվեր մեկ հանգամանքով, օրինակ՝ պետք է գնար մամուլով հրապարակված նյութերի հետևից, որում Արսեն Թորոսյանը մեղադրվում է հանցագործության մեջ։

Օրերս մամուլը գրել էր, որ Արսեն Թորոսյանը և առողջապահության իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։

Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը, ըստ այդ հայտարարության, ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության  նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկեն նշված պաշտոնյաներին, այսինքն խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները և գործարքները։ Կան տեղեկություններ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյոք՝ նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները և Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։ 

Պետք է նշել, որ այս հրապարակման վերաբերյալ, անգամ հերքում չեղավ, մի տեսակ բոլորը չնկատեցին ու մոռացան։ Սակայն ԱԱԾ-ը այն կառույցը չէ, որ չնկատի։ Մենք տեղեկություն ունենք, որ ԱԱԾ-ում այդ գործով անգամ վարույթ է սկսվել, և տնօրենը լավ տեղյակ է դրանից:

Հիմա ինչու և ինչպե՞ս է Արմեն Աբազյանը ենթարկվում Նիկոլ Փաշինյանի՝ բանագնաց աշխատելու հրամանին, այն էլ այն դեպքում երբ իր ստատուսը հավասարեցվում է այնպիսի անլուրջ դեմքերի, ինչպիսիք են Արսեն Թորոսյանը և Արայիկ Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ