Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հայտարարությունը հրապարակվել է Արցախի հանրային հեռուստաընկերության կողմից:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է եւ ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:
Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որեւէ հիմքից:
Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետեւանքով մեզ հասցված անդառնալի կորուստների պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին եւ հավատացած լինել, որ արվել եւ արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը