04 02 2021

Նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից․ Բալասյանյանը՝ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու մասին

Նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից․ Բալասյանյանը՝ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու մասին

Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հայտարարությունը հրապարակվել է Արցախի հանրային հեռուստաընկերության կողմից:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է եւ ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, թե մասնավորապես  Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որեւէ հիմքից:

Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետեւանքով մեզ հասցված անդառնալի կորուստների պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին եւ հավատացած լինել, որ արվել եւ արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղությամբ»:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ