Factor.am-ը գրում է․ «Նկարիչ Դավիթ Դանիելյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի օգնական, նա համակարգելու է մամուլի հետ աշխատանքները։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Դավիթ Դանիելյանը։
«Նա նաև ասաց, որ աշխատանքի առաջարկն ստացել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։ Նշենք, որ Դավիթ Դանիելյանը մինչ այս զբաղեցրել է մշակույթի նախարարի օգնականի պաշտոնը։ Նա ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի սանիկն է և Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին։
Factor.am-ի հարցին՝ որքանո՞վ են քավորն ու մորաքրոջ որդին նպաստել, որ ՊՎԾ-ում աշխատանքի անցնի, Դավիթ Դանիելյանը վստահեցրեց, որ նրանք նշանակվելուց հետո են տեղեկացել։ Պետական վերահսկողական ծառայությունում, փաստորեն, սանիկներին աշխատանքով ապահովելու հարցում անտարբեր չեն։ Factor.am-ը 2019 թվականին էլ գրել էր, որ ՊՎԾ այն ժամանակվա պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին է աշխատանքի տեղավորել կառույցում, որպես վարչության պետի տեղակալ։ Վերջինս, սակայն, Քյարամյանի հետ տեղափոխվեց ԱԱԾ»,- գրում է կայքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը