Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղն ունի իր սուբյեկտայնությունը, ցույց տա, որ ինքը` լինելով դեռեւս գործող նախագահ, պետք է կտրված լինի Հայաստանի ներկա իշխանություններից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Հարցազրույցը մասամբ ներկայացնում ենք ստորև, այն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հետպատերազմյան շրջանում Արայիկ Հարությունյանը հայտարարեց Արցախի քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին`ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակով: Բայց գործընթացն արդյունք չտվեց: Ինչո՞ւ: Ո՞րն է Արցախում քաղաքական ուժերի չհամախմբվելու պատճառը:
Նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի երկրորդ կեսը մենք քաղաքական քննարկումների մեջ էինք: Մի կողմից Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունն էր, որպես նախագահ, մյուս կողմից`տարբեր քաղաքական ուժեր, բնականաբար, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված կացությունը եւ վիճակը քննարկելու նկատառումներից ելնելով, հանդիպումներ էին կայացնում: Այդ ընթացքում նաեւ ի հայտ եկավ Արայիկ Հարությունյանի`դեկտեմբերի 16-ի ուղերձը: Ուղերձի մեջ մի շարք մեսիջներ կային, նաեւ ուղղակի սկզբունքների արտացոլում եւ մենք հույս ունեինք, որ իրոք, ինքը որպես նախագահ, կփորձի իր շուրջ համախմբել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, նաեւ`կարող ուժերին եւ ընդհանուր կոնսենսուս կձեւավորվի: Մենք, որպես Դաշնակցություն, նաեւ մեր պայմաններն ու մեր սկզբունքներն ենք ներկայացրել: Եվ եթե համախոհությունը կայանար, ոչ միայն նախագահի հետ, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժերի, բնականաբար, այդ սկզբունքների շուրջ էր մեր պատկերացումները: Մամուլում շրջանառվում էր, որ իբր թե Դաշնակցությունը ինչ-որ պաշտոնների ակնկալիք ուներ, նաեւ անուններ շրջանառվեցին: Իրականության մեջ այդ չէր. բոլորիս մտայնությունը միայն մի կետի վրա էր:
Ո՞րն էր այդ կետը:
Ելք գտնել ստեղծված իրավիճակից: Վերջապես, մենք պիտի կարողանանք մեր ժողովրդին տալ այն հարցերի պատասխանը, որ այսօր մեր առջեւ են ծառացած`անվտանգության երաշխիքներ, Արցախի կարգավիճակի մասին որոշակի տեղեկություններ, պատկերացումներ, նաեւ, մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը միտված հարցերի պատասխաններ. ի՞նչ տարածքի մեջ ենք մենք մեր ապագան կառուցելու: Սրանք հիմնական հարցերն են, բայց հարցերի հարցը անվտանգության երաշխիքի մասին հարցն է, որ ժողովուրդն ուզում է լսել պետական այրերից, քաղաքական ուժերից, առավել եվս`երկրի նախագահից: Կարծում եմ, այս հարցերի պատասխանն առա այսօր դեռեւս չի տրված:
Դա՞ է պատճառը, որ կոնսենսուս չի կայանում:
Պատճառն այն է, որ մեր պայմանավորվածությունները քննարկումների ընթացքում խախտվեց Արայիկ Հարությունյանի կողմից եւ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվում էր մեր համաձայնությունը, ցավոք, չպահպանվեց: ՀՅԴ-ն եւ «Արդարությունը» հանդես եկան հայտարարությամբ եւ այդ մասին ասացին:
Կոնկրետ ի՞նչն էր խախտել Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, խոսակցություններ եղան, որ Արայիկ Հարությունյանն էլ ասել է, թե ՀՅԴ-ն հայտարարության կոշտ տեքստ է առաջարկել, որպեսզի ինքը ստորագրի:
Մենք ենթադրում էինք, որ այս ամենի մեջ պետք է բոլոր որոշումները կայանան կոլեգիալ մեխանիզմներով: Եթե մենք խոսում ենք համախոհության մասին, ապա համախոհությունը ենթադրում է նաեւ համախորհուրդ որոշումների կայացում: Դաշնակցությունը ներքին կուսակցական կյանքում կոլեգիալ կառավարվող մարմին է: Բնականաբար, մենք չենք կարող որեւէ ձեւով ընդունել այն տարբերակը, որ նախագահը միանձնյա որոշումներ պետք է կայացնի, պարտված նախագահը`նաեւ պատճառաբանելով Սահմանադրության համապատասխան պահանջները: Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք եւ այդ ոչ ստանդարտ իրավիճակը թելադրում է, որպեսզի մենք համախորհուրդ որոշումներ կայացնենք: Մյուս կողմից, պետք է շեշտեմ նաեւ, որ Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղն ունի իր սուբյեկտայնությունը, ցույց տա, որ ինքը` լինելով դեռեւս գործող նախագահ, պետք է կտրված լինի Հայաստանի ներկա իշխանություններից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից: Դեռեւս ինքը շարունակելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի կողմից ուղղորդված քաղաքականություն իրականացնել Արցախում, կարծում եմ, անընդունելի է: Մենք տեսանք, թե ո՞ւր հասցրեց այդ քաղաքական գիծն անցած տարիների եւ, մասնավորապես, վերջին 6-7 ամիսներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը