27 01 2021

Ի՞նչ ինքնիշխանություն․ այդ ինքնիշխան լեզուն հիմա դարձել է կոշիկ մաքրելու խոզանակ․ Ռոբերտ Քոչարյան



Ինքնիշխանության մասին խոսելիս պետք է դրա բեկորներից խոսենք, ոչ թե ինքնիշխանության մասին՝ բառի բուն իմաստով։ Ի՞նչ ինքնիշխանություն, երբ Հայաստանի վարչապետի լեգիտիմությունը կախված է, թե շաբաթը քանի անգամ կարող է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, քո անվտանգությունն ուղղակի կախված է Ռուսաստանից։ Այս մասին yerevan.today, politik.am և hayeli.am լրատվականներին տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մոտ մեկ տարի առաջ՝ մի հայտնի հանրահավաքի ժամանակ, ասում էին, որ նախկինները պետությունը հասցրել են ինչ-որ «ճ կլասի» և օտարի «սապոգ լիզողներ էին», երևի ենթադրվում է, որ օտարի սապոգը ռուսական սապոգն էր։ Հիմա այդ ինքնիշխան լեզուն դառել է կոշիկ մաքրելու խոզանակ, ի՞նչ ինքնիշխանություն, ինչի՞ մասին է խոսքը։ Խնդրո առարկան այսօր ուղղակի չկա։ Մենք պետք է վերադառնանք ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակի։ Քրտնաջան աշխատանք է պետք անել, ինչը հնարավոր է ո՛չ այս իշխանության հետ։

Ռուսաստանին թույլ Հայաստան, համոզված եմ, որ ձեռք չի տալիս։ Եթե դու դաշնակից ես, չպետք է անընդհատ խնդրողի դերում լինես։ Դու ինքդ պետք է ինչ-որ արժեք քեզանից ներկայացնես, և այդ դեպքում երկկողմ հարաբերությունները լինում են լիարժեք։ Մենք չպետք է ռուսական բյուջեի վրա ծանրություն դառնանք, և երբեք ծանրություն չենք եղել ռուսական բյուջեի վրա։ Մենք եղել ենք այս տարածաշրջանում ամենավստահելի գործընկերը, մեր շահերը համընկնում էին, և ունեինք ամենամարտունակ բանակը։ Հիմա մենք ի՞նչ արժեք ենք ներկայացնում, պետք է այդ արժեքը վերականգնենք, մեզանից մի բան պիտի ներկայացնենք, ինքներս մեզ արժևորենք, իսկ դա միայն քրտնաջան աշխատանքով։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան, և հնարավոր է այդ ուղղությամբ աշխատել, և մեր շահերը համընկնելու են, անկասկած»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ