22 01 2021

Հիշեք՝ դուք անկախ եք նաև նախկին գործընկերներից․ Թագուհի Թովմասյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ News.am

Հիշեք՝ դուք անկախ եք նաև նախկին գործընկերներից․ Թագուհի Թովմասյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ News.am

News.am-ը գրում է․«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված պատգամավորի հարցադրումներին։ 

«Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով հանձնաժողովին, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք հանձնաժողովին։ Մասնավորապես՝ «(․․․) ընդհուպ մինչեւ Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն, եւ Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը։

Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն եւ կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները եւ զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից»,- ասված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդագրությունում։

NEWS.am-ը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից մեկնաբանություն խնդրեց հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ։ Ի պատասխան պատգամավորն ասաց․

«Կառաջարկեի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերընթերցի իր իսկ կողմից կազմած փաստաթուղթը, այնտեղ առկա եզրակացությունն ու հավելյալ տեղեկությունները։ Ես իրավունք չունեմ հրապարակելու այդ փաստաթուղթը՝ սիրով կանեի, ու պետք չէ այդ արգելքի առիթից օգտվել եւ այլ կառույցների ճնշման տակ պետական կառույցին ոչ հարիր հերքումներով հանդես գալ։ Հիշեք, որ դուք անկախ հանձնաժողով եք եւ անկախ նաեւ նախկին գործընկերներից։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ շատ մարդիկ չէին ցանկանա ՀՀ խորհրդարանում հնչեր այն հարցը, որը ես բարձրաձայնեցի, բայց հանրությունը պիտի իմանա հայտնի «Սորոսի» գրասենյակի ազդեցիկ դեմքերից մեկը ում շահն է սպասարկելու ԲԴԽ-ում. կգործի՞ արդյոք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ այդ հիմնադրամի հակապետական գործունեության մասով պնդումներին ծանոթացել եմ մի քանի փաստավավերագրական ֆիլմերից, որոնց բովանդակությունն, ի դեպ, այսպիսի էնտուզիազմով չի հերքվել նույն մարդկանց ու գրասենյակի կողմից։ Հանգստացեք սիրելիներս, ֆեյքերին հանգիստ թողեք,  անիմաստ զբաղմունք է, ես ապրում եմ իրական Հայաստանում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ