13 01 2021

Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ու՞մ համար. Կարեն Ճշմարիտյանի գրառումը

Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ու՞մ համար. Կարեն Ճշմարիտյանի գրառումը

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իհարկե, ինչ-որ մի օր Հայաստանի բոլոր հարևանների հետ սահմանները կբացվեն, բայց...

Այս օրերին ինչ-որ անիմաստ իրարանցում է սկսվել Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի հեռանկարի հետ կապված:

Հայաստանի ակնհայտ տապալումը, որպես ձեռքբերում ներկայացնողները տարրական պատկերացում ունե՞ն, թե մինչ այդ ինչ քանակի և ծավալի միջազգային իրավապայմանագրային բազա պետք է ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի նման երթուղով Հայկական ապրանք արտահանել, ապրանք ներմուծել Հայաստան, կամ Հայաստանի տարածքով օրինական տրանզիտ ապահովել և օգտվել դրանից: Կամ պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին: Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի, կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը: Շահավետության մասին խոսելն տվյալ իրավիճակում մեղմ ասած` կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության, կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ:

Տեղյա՞կ են, թե՞ հենց այնպես խոսում են խոսելու համար, կամ` հերթական տապալումը ձեռքբերում ներկայացնելու համար:

Ի միջի այլոց` նույնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման ջատագովներին:

Ընդհանուր առմամբ` թրքամետ քաղաքականությունը Հայաստանի առասպելական հեռանկարներով քողարկելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կասեր` «...մեղմ ասած` վատ բան է...»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ