Tert.am-ը գրում է․ «Երեկ Մոսկվայում տեղի ունեցածը նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության շարունակությունն էր, որը մեկ անգամ ևս վավերացրեց այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի ներկայացնում Հայաստանի շահերը, ավելին՝ նա ուրացել և դավաճանել է Հայաստանի շահերը և շարունակում է այդ դավաճանական ընթացքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը։
«Հայաստանի փլուզումը շարունակվում է, մենք ամեն օր արձանագրում ենք կորուստներ, և դրանք կարձանագրենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Երեկ տեղի ունեցածը խայտառակ էր, պարտվողական, նվաստացուցիչ, և եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անձ լիներ, կարող էինք չանդրադառնալ, բայց մենք ականտես ենք լինում մեր արժանապատվության կորստին, պետականության կոլապսին, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս կատարել այն հաստատումը, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական շահերը դավաճանող և այդ հանձնառությամբ իշխանության եկած անձ է»,-ասաց Գալստյանը։ Նա նկատեց՝ իշխանամերձ շրջանակները պնդում էին, որ մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը գերեվարվածների ու անհետ կորածների վերադարձն է, բայց, ըստ Գալստյանի, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր խաթարելու ՀՀ ինքնիշխանությունը՝ հանձնելու Մեղրին։
«Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդես էր գալիս ողբերգակի, պարտվածի, ստորացվածի մի կերպարով, և նա նույնիսկ ունեցավ այն համարձակությունը, որ մամուլի ասուլիսի ժամանակ իբրև կարևորագույն ձեռքբերում հայտարարեց ճանապարհների ապաշրջափակումը և դրա արդյունքում տնտեսական նորարարությունների ներդրումը, ինչը տարածաշրջանում խաղաղություն կհաստատի»,-նշեց նա։
Ըստ Գալստյանի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում բացվեց թուրքի «ոտքը», «շնչառությունը»։ «Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սպասարկեց Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, որովհետև Ալիևը հաստատեց, որ Ադրբեջանից բացի այս պրոյեկտի շահառուներից մեկը հարևան երկրներն են՝ վստահաբար նկատի ունենալով Թուրքիային։ Թուրքիայի 100 տարվա երազանքը՝ Մեղրիով ճանապարհ հատել և պանթյուրքիզմի ճանապարհը բացել, իրականացվեց դավաճան, սրիկա Նիկոլ Փաշինյանի ձեռքով»,-ասաց Գալստյանը։ ՀՅԴ ԳՄ անդամը նշեց, թե իր կարծիքով՝ Փաշինյանը տեղյակ է եղել, թե ինչ օրակարգով է գնում Մոսկվա։
«Նրա օրակարգում բացարձակապես գերիների վերադարձի հարցը չէր, մինչդեռ օրեր առաջ ընդդիմությանը մեղադրում էին, թե վերջինս իր «խափանարար» գործունեությամբ թույլ չի տալիս գերիների վերադարձը։ Նիկոլ Փաշինյանը հողը հանձնելու հետ հանձնել է նաև մեր զավակներին, գերիներին, ՀՀ քաղաքացիների անվտանգության խնդիրը բացարձակապես Փաշինյանի օրակարգում չէ»,-ասաց Լիլիթ Գալստյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը