12 01 2021

Նոր բանակցային թիմի ծայրահեղ անհրաժեշտությունը մինչև մարտ ամիսը. Սարգիս Գրիգորյանի հոդվածը

Նոր բանակցային թիմի ծայրահեղ անհրաժեշտությունը մինչև մարտ ամիսը. Սարգիս Գրիգորյանի հոդվածը

Երեկ կրկին Հայաստանի վարչապետը ստորագրեց ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որը բացի բովանդակային անորոշություններից և հակասություններից նաև չի անցել որևէ ներպետական գործընթացով։ Ցավոք, գործող իշխանության համար այս գործելաոճը դարձել է մշտապես կիրառվող մեթոդ, որը, իհարկե, նաև հակասում է գործող օրենսդրությանը։ Ավելին, Հայաստանի վարչապետը ստորագրեց հերթական փաստաթուղթը` այդպես էլ առկախ վիճակում թողնելով առանցքային կարևորության հարց հանդիսացող գերիների վերադարձի խնդիրը։

 Երեկվա Մոսկվայի հայտարարությունները և բուն փաստաթուղթը վերահաստատեցին, որ թե' Հայաստանի վարչապետը, և թե' իր թիմը չունեն անհրաժեշտ բանակցային կարողություններ (և ոչ միայն) ապահովելու Հայաստանի լավագույն շահը։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ է սպասվում Հայաստանին հունվարի 11-ին ստորագրված այդ փաստաթղթի կիրարկման փուլում։ Հետագա գործընթացները անդառնալի հետևանքներ են ունենալու ապագա սերունդների վրա։

 Ուստի, օրհասական է, որ բանակցող թիմը և իր ղեկավարը ամբողջապես և անհապաղ փոխվեն, ինչը հնարավորություն կընձեռնի Հայաստանին փոփոխություններ / լրացումներ կատարելու միջոցով քաղել առավելագույնը հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունից` բայց, կարևորը, չզոհաբերելով անվտանգությունը և լուծելով գերիների վերադարձի հարցը։

 Մինչև բուն բանակցային գործընթացին նեգրավվելը, նոր թիմը կարող է ձևավորել և առաջ մղել Հայաստանի համապարփակ բանակցային հայեցակարգը և դնել բոլոր նախապայմանները, որոնց կատարումից հետո միայն պետք է սկսի հունվարի 11-ին ստորագրված հայտարարության կիրարկման գործընթացը։ Ինչ վերաբերում է երեկ ստորագրված հայտարարությանը, ապա նոր բանակցային թիմը կարճ ժամանակում պետք է թելադրի իր սեփական օրակարգը, մասնավորապես թիմը կարող է .

 ա) ձևավորել երկրի տրանսպորտային քաղաքականությունը (ներառելով առևտրի դյուրացման և մրցակցության բաղադրիչները), որը պետք է համահունչ լինի Հայաստանի անվտանգության հայեցակարգին և արձագանքի նոր մարտահրավերներին,

 բ) մշակել բանակցային ռազմավարությունը, որը պետք է համապատասխանի Հայաստանի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորություններին, օրինակ` Առևտրի համաշխարհային կազմակերպության, ՏՐԱՍԵԿԱ (TRACECA - Transport Corridor Europe-Caucasus-Asia), ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այլն,

 գ) նախաձեռնել հանրային ենթակառուցվածքների ներդրումաին ծրագրեր (հիմքում դնելով «ծախսերի և օգուտների» վերլուծությունը) և դրանց ֆինանսավորման համար ներգրավել միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ինստիտուցիոնալ ներդրողների,

 դ) ստեղծել հնարավորոթյուններ պետություն-մասնավոր գործընկերության արդյունավետ իրագործման համար, իհարկե, զարգ տալով տեղական ներդրումներին, որոնք պետք է ներգրավված լինել ենթակառուցվածքների ստեղծման և զարգման գործում։

 Այս ամենը պահանջում է համառ աշխատանք, համապատասխան հմտություններ և փորձ, որոնք, ինչպես ցույց տվեցին վերջին տարիները, իսպառ բացակայում է գործող կառավարության մոտ։ Անխուսափելի է, պետք է ձևավորել նոր կառավարություն և բանակցային թիմ, որի առաջնային նպատակը պետք է լինի Հայաստանի շահը։

 

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական գրասենյակ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ