Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․
«ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի երեկվա հարցազրույցից պարզ դարձավ, որ իր համար էլ է խնդրահարույց Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանում 2018 թվականին կատարված փոփոխությունները, որի արդյունքում արդիական ՀՕՊ (ՏՈՌ) և ՌԷՊ համակարգերի փոխարեն ձեռք են բերվել ՍՈւ-30 ինքնաթիռներն ու ՕՍԱ-ԱԿ ՀՕՊ միջոցները։ Պատերազմի օրերին Փաշինյանին ամեն ժամ զեկուցվել է օբյեկտիվ իրավիճակը յուրաքանչյուր պաշտպանական շրջանում։
Պատերազմի չորրորդ օրը ԳՊ պետ Օ.Գասպարյանը անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է պատկերն ու առաջարկել ամեն գնով կանգնեցնել մարտական գործողությունները։ Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` պատերազմը «Լավրովի պլանի» շրջանակներում դադարեցնելու առաջարկի մասին Փաշինյանն անգամ չի տեղեկացրել ԱԱԾ ղեկավարին։
Նախկին պաշտոնյայի համար տարակուսելի է այն հանգամանքը, որ Փաշինյանը պատերազմը չէր կանգնացնում։
ԱԱԾ ղեկավարը բարձր գնահատեց Արցախի պաշտոնաթող գեներալների գործողությունները պատերազմի օրերին։ Հերքեց այն պնդումները, թե պաշտոնաթող գեներալների կողմից խուճապ է տարածվել առաջնագծում։
Փաստեց, որ անգամ ինքն էլ է առաջարկել Փաշինյանին Շուշիի օպերացիան վստահել Վիտալի Բալասանյանին։ ԱԱԾ նախկին ղեկավարը հայտնեց, որ հողերը հանձնելու դիմաց միլիարդավոր դոլարների առաջարկի մասին տեղեկություններն ու պատերազմի փաստացի արդյունքն առնվազն կասկածներ են ի հայտ բերում, ինչը պահանջում է համապարփակ, օբյեկտիվ ու թափանցիկ քննության իրականացում պարզելու համար, թե ինչ ծածուկ քննարկումներ են տեղի ունեցել այդ հարցի շուրջ, ովքեր են եղել բանագնացներն ու ինչ ավարտ են դրանք ունեցել։
ԱԱԾ նախկին ղեկավարի համար տարակուսելի է նաև այն, որ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ պաշտոնից, իսկ ելքը մեկն է` արտահերթ ընտրություններ, վարչապետի պաշտոնում Փաշինյանի չգտնվելու պայմաններում։
Հ.Գ. Ոչ հավելյալ մեկնաբանելու, ոչ նշվածին իմ սեփական կարծիքն ավելացնելու կարիք չեմ տեսնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը