Լեռնային Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում Ռուսաստանը հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հատուկ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային սկզբունքներին։ Մենք շարունակում ենք մեր գործողությունները պարբերաբար համակարգել Մինսկի խմբի երկրների մեր գործընկերների հետ»,- ասել է նա Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը նաև հայտնեց, որ ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո:
Վլադիմիր Պուտինի խոսքով` կարելի է գոհունակությամբ ընդգծել, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահի ստորագրած համատեղ հայտարարության պայմանավորվածությունները:
«Ռուսաստանի համար թանկ են գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, այդ պատճառով մենք մարդկանց ճակատագրերի համար տագնապով և անկեղծ անհանգստությամբ էինք հետևում բռնկված ռազմական բախմանը: Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ դրական ընդունեցիք ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ օգնեն դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կրակի հաստատուն դադարեցմանը: Մենք մշտական կապի մեջ էինք, միասին փնտրում էինք փոխզիջում, որի հետևանքով նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարություն, որը մենք միասին ստորագրեցինք: Այսօր կարող ենք գոհունակությամբ ընդգծել՝ եռակողմ համաձայնությունները հերթականությամբ իրականացվում են»,- ասել է Պուտինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը