09 01 2021

Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը․ Արամ Ա

Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը․ Արամ Ա

«Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիման օրակարգի մանրամասններին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նման հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը։

Արամ Առաջինը նաև նշել է, որ ադրբեջանա-թուրքական բանակի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կասցնելուն ուղղված զինադադարի հայտարարությունը պարունակում է անորոշ կետեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը։ Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, զինադադարի հայտարարության վտանգավոր կետերը հարկավոր է հստակեցվեն Հայաստանի պահանջով ու Ռուսաստանի օժանդակությամբ։

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պետության ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի  համահայկական հանձնառություն է։ Մեր դարավոր պատմության ընթացքում,  ճակատագրական պահերին, ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգների դիմաց մեր ժողովուրդն ամեն զոհողության գնով իր «ոչ»-ն է ասել»,- նշել է Արամ Առաջինը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ