09 01 2021

1․5 տարի առաջ Հռոմում Փաշինյանը պատմել է Արայիկին՝ ինչի տակ պետք է մտնեն․ Միքայել Մինասյան

1․5 տարի առաջ Հռոմում Փաշինյանը պատմել է Արայիկին՝ ինչի տակ պետք է մտնեն․ Միքայել Մինասյան

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել է․

«Շանտաժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շանտաժով է վարել արտաքին ու ներքին քաղաքականությունը և հիմա շանտաժով պահում է իր թիմին, նա դոսյեներ է հավաքել բոլորի վերաբերյալ»։

Միքայել Մինասյանի խոսքով՝ քաղաքական ու քաղաքակիրթ երկրներում, եթե հասարակությունն իմանար այն ամենի տասը տոկոսը, ինչ մարդիկ իմացել են Հայաստանում, պարզապես կձերբակալվեին դավաճաններն ու կաշառակերները, իսկ Հայաստանում այդպես չեն անում, որովհետև գոյություն չունի քաղաքականություն:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է աղետ, արել է դա հետևողական ու անթաքույց, և շարունակում է անել, նա թշնամի կառավարիչ է, իսկ որտեղ կա թշնամությունը, բացակայում է քաղաքականությունը, որովհետև նրա դեմ չես կարող պայքարել քաղաքական, քաղաքակիրթ ձևով:

Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի ստորագրությունից հետո մենք իմացել ենք աներևակայելի բաներ և ծավալվել է դիսկուրս՝ սա քաղաքական, թե ոչ քաղաքական գործընթաց է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա քաղաքական գործընթաց է, ընդդիմությունը ուզում է գալ, թույլ չի տալիս, և, ուշադիր, ասում է՝ իմ դեմ պայքարում են փոքրաթիվ պսևդո-էլիտաները, նրանց հետ ժողովուրդ չկա, ժողովուրդը հաշտ ու համերաշխ է, թե ոնց ենք դավաճանում իրեն, բայց անում ենք քաղաքական գործընթաց՝ ընտրություններ:

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածի մեջ պատճառահետևանքային կապ չկա, բայց ուզում եմ հարց տալ. եթե ամեն ինչ լավ է, ժողովուրդն իրենց հետ է, ինչո՞ւ եք անում ընտրություններ, գնացեք առաջ: Եթե կա խնդիր, ապա այդ խնդիրն ընտրություններով չես լուծելու, որովհետև դա քաղաքական պրոցես է»:

Միքայել Մինասյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում ինքը հստակ մոտեցում ունի. «ՀՀ-ում չպետք է լինեն ընտրություններ՝ մինչև չտրվի քաղաքական, բարոյական և ամենակարևորը՝ քրեական գնահատական այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել 2018-ից մինչև օրս, որովհետև դրանք լի են պետական, ազգային դավաճանություններով»:

Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սովորական ընտրություն կեղծող է, ինքը դա շատ լավ գիտի, որովհետև ինքն էլ է այդ համակարգի մասը եղել. «Նիկոլ Փաշինյանը սովորական շանտաժիստ է, սովորական ընտրակեղծարար, դավաճան ու մարդասպան»:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանն ասաց, որ շանտաժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շանտաժով է վարել արտաքին ու ներքին քաղաքականությունը և հիմա շանտաժով պահում է իր թիմին. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է, որ իր թիմը պայթելու եզրին է: Բայց նրանց պահում է, որովհետև բոլորի վրա ունի շանտաժային նյութեր: Երբ նա դարձավ վարչապետ, առաջին բանը, որ պահանջեց, դոսյեներն էր այն մարդկանց, որոնք ԱԱԾ ագենտներ էին և որոնց հետ ինքն առնչվում էր: Ուրիշ բառերով, պահանջում էր ԱԱԾ-ից, որ զեկուցեն, թե ովքեր են իր շրջապատում ագենտներ:

ԱԱԾ ղեկավարությունը հրաժարվեց տրամադրել, սակայն ԱԱԾ-ում կային, կան թուլամորթ սպաներ միջին օղակից, որոնք փոխանցել են Նիկոլ Փաշինյանին այդ ողջ փաթեթները: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կանչել է այդ մարդկանց, դրել այդ փաթեթները և ասել՝ տեսնում ես, որ ես գիտեմ, քեզ խայտառակ կանեմ, քեզ կհանեմ ազգի դավաճան, կամ էլ մոռանում ենք սրա մասին. մոռացի հայրենիքի, արժանապատվության մասին ու ծառայի ինձ:

Նիկոլ Փաշինյանն այս 2.5 տարվա ընթացքում հավաքեց մի մեծ կոլեկցիա, որովհետև իմքայլականները մինչև կոկորդ մխրճվեցին կոռուպցիայի մեջ, Նիկոլ Փաշինյանն աչք էր փակում, բայց ինֆորմացիան հավաքում էր»:

Միքայել Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի շրջապատում շատերն են ենթարկվում քրեական հետապնդման, կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք կամ ընթացքում են, կամ նյութեր են նախապատրաստվում, կամ փաստերը կան. «Օրինակ, քրեական գործ կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա, և այդ պատճառով Մհեր Գրիգորյանը փորձեց աշխատանքից ազատվել, սակայն Նիկոլն ասաց՝ կդատեմ, և Մհեր Գրիգորյանը, քանի որ նաև վախկոտ է, չգնաց այդ քայլին:

Քրեական գործ կա Պապիկյան Սուրենի վրա, որովհետև նա միայն մեկ գործարքից 450 մլն դրամ փող է վերցրել: Բոլորի վրա կա քրեական գործ, նույնիսկ «կորած» աներձագ Հրաչի վրա, Հակոբ Սիմիդյանը, DJ Էդոն, երեքով անցնում են քրեական գործով, որովհետև Նիկոլ Փաշինյանի առանձնատունը ժողովրդի հաշվին վերանորոգելով՝ 210 միլիոն դրամ ատկատ էր մնացել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին և այս 2.5 տարիների ընթացքում դոսյեներ են կազմվել ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վրա, և բոլոր նրանց, ովքեր ուզում են թիմից գնալ, Նիկոլը կանչում է ու ասում ՝ այս դու չե՞ս այս կինոյում, դե գնա ու խելոք սպասի, թե ինչ պետք է անես: Նիկոլ Փաշինյանը պատիժ է նաև նրանց համար»:

Ըստ Միքայել Մինասյանի՝ հենց Արայիկ Հարությունյանն է այդ խայտառակ շանտաժների մարմնավորումը. «Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն առաջարկեց նրան: Արարատ Միրզոյանը բանակցեց և հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ ինքը գտել է նոր ստրուկ: Իսկ Արայիկ Հարությանյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»:

Միքայել Մինասյանը պատմեց, որ Հռումում գաղտնի բանակցություն է եղել Արայիկ Հարությունյանի ու Արարատ Միրզոյանի միջև, և այդ հանդիպման երաշխավորը եղել է շատ հայտնի սփյուռքահայ բարերար: «1.5 տարի առաջ եղել է մեկ այլ հանդիպում ևս, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Այդ չորսը խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ պետք է մտնեն և պատմել է այն, ինչ տեղի է ունեցել այսօր»,-նշեց Միքայել Մինասյանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ