168.am-ը գրում է․ «Շուռնուխում վիճահարույց դարձած 12 տների բնակիչներին թշնամու կողմից ներկայացված նախնական վերջնաժամկետը հունվարի 5-ն է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:
«Արդեն վերջնական ով ինչ ունի, պետք է հանի, որովհետև իրենք ասում են՝ սա ադրբեջանական տարածք է, ու մեզ տվել են մինչև ամսի 5-ը: Ժողովուրդն իր ունեցվածքը հանում է»,- ասաց նա: Հարցին, թե ուր պետք է գնան, պատասխանեց. «Դե, մի մասին գյուղում տեղավորել ենք, ազատ տներ եղել են, մի մասն էլ՝ Գորիս-Ղափան արդեն գնացել են, վարձով ապրում են»:
Դիտարկմանը, թե խորհրդային քարտեզներ են հրապարակվում, որտեղ Շուռնուխը Խորհրդային Հայաստանի տարածք է, արձագանքեց. «Իրենք ասում են՝ իրենց սարքն է անցնում. քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի: Ասում է՝ արդեն վերևներում ոնց որոշված է, էդպես է»:
Հակոբ Արշակյանը նշեց, որ իշխանությունների անելիքների մասին տեղյակ չէ, բայց համապատասխան փաստեր է պատրաստում արխիվից, որպեսզի սահմանազատման ժամանակ ներկայացնի. «Ինչ որ մեր ձեռքի տակ կա՝ կազմակերպենք, որպեսզի ներկայացնենք վերջնական այդ հանդիպման ժամանակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը