Ըստ տարածված հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը երեկ հանդիպում են ունեցել և քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ կատարել նաև առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Փաշինյանի հետ հանդիպում է այն պարագայում, երբ շաբաթներ առաջ կոչ էր արել վերջինիս հրաժարական տալ: Պետք է նաև ընդգծենք, որ Փաշինյանի հրաժարականի կոչից հետո, մինչ հանդիպումը, նախագահը նաև անտրտունջ ստորագրել էր բոլոր այն որոշումները, որոնք նրան ուղարկվել էր կառավարությունից:
Yerevan.Today-ը նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին հարց ուղղեց՝ նախագահը հրաժարականի պահանջն անձամբ ներկայացրե՞լ է Փաշինյանին։ Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Նախագահն այս պահին մարզում է, փորձեմ օրվա ընթացքում ճշտել, ձեզ ասել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե հանդիպումը որքա՞ն է տևել, նա ասաց, որ այդ մանրամասնությունը ևս չգիտի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը