Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով, այսօր աշխատանքից ազատվեց համակարգը լքած տասներկու ոստիկաններից միայն Սերյոժա Ղարիբյանը:
Նա էր առաջին ծառայողը, ով համարձակություն ունեցավ հրապարակայնորեն հայտարարել, որ հրաժարվում է կատարել վերադասի ապօրինի հրամանները՝ կապված Արցախի հողերը հանձնելու ակտի դեմ հանրային բողոքի դուրս ելած ցուցարարների հետ:
Սրանք այն ոստիկանական ծառայողներն են, որոնք հրաժարվել են կատարել հրահանգներ՝ գուցե ջարդելու իշխանության դեմ ընդվզող ցուցարարներին, Երևանի փողոցները բողոքի ակցիաներով փակող ակցիաների մասնակիցներին, ոստիկանների հրապարակային հրաժարականների տեքստերում այս ակնարկները կային միանշանակ:
Չմոռանանք, թե ինչպես էին Հայրենիքի փրկության շարժումն առաջնորդող քաղաքական ուժերի ղեկավարներին օրերս բերման ենթարկում՝ բռնի գործողությունների միջոցով:
Փաստացի այս ոստիկանները նախընտրեցին պատվախնդրորեն լքել ոստիկանական շարքերը, իսկ համակարգում մնացած մյուս բոլոր ծառայակիցներին իրենց ուղորձներում կոչ են անում պաշտպանել պետության շահերը և ոչ թե իշխանության շահը սպասարկել:
Սերյոժա Ղարիբյանի կոչ-հայտարարությունից հետո Ոստիկանությունը հայտարարեց, թե ծառայողական քննություն է նշանակել՝ պարզելու վերջինիս ձևակերպմամբ ապօրինի հրաման արձակած անձանց անուններն ու դրանց հիմքերը: Բայց այսօր Ղարիբյանի ազատման հրամանի տակ Ոստիկանապետի դրած ստորագրությունը փաստում է, որ բաձրաստիճան պաշտոնյան նախընտրեց լուռ ու անաղմուկ փակել թեման՝ հավանաբար գիտակցելով, որ դատարան մտնող գործը կբացեր նոր շերտեր՝ ըստ այդմ քաղաքական ապօրինի հրամաններ իր վերադաս վարչապետից արձակած և շղթայաբար իջեցված, մինչև ստորին օղակներ:
Ինչո՞ւ շտապեց ոստիկանապետը, ի՞նչ վախեր ուներ, ի՞նչ արդյունք տվեց ծառայողական քննությունը, Yerevan.Today –ի հարցադրումներին ի պատասխան Ոստիկանությունից այսպիսի կարճ մեկնաբանություն ստացանք․ «Ոստիկանությունում Սերյոժա Ղարիբյանի հայտարարության և ազատման դիմումի վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունը որոշվեց թողնել անհետևանք»: Ստացվում է՝ թեման ջրվեց, որ վտանգավոր զարգացումները կանխվեն։ Այլ կերպ ասած՝ այս կարճ ու խոսուն պատասխանով, Ոստիկանությունը հաստատեց, որ այո՝ ապօրինի հրաման է արձակվել ցուցարարների նկատմամբ, իսկ ոստիկանի հայտարարությունը իրավաչափ է:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը