13 12 2020

Հ1-ի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով և զբաղված է Փաշինյանի պաշտպանությամբ․ «Մեդիա պաշտպան»

Հ1-ի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով և զբաղված է Փաշինյանի պաշտպանությամբ․ «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել Արցախում ադրբեջանական հարձակողական գործողությունների ամբողջական պատկերը: Մասնավորապես, բուռն քննարկումների առիթ է դարձել վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը։ Դրան արձագանքել է անգամ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ իր զարմանքը հայտնելով ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ նրա հայտարարությանը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»–ը:

Հանրայինը չի հայտնում, որ Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են կուտակված, որ ուժային ողջ համակարգը կենտրոնացվել է վարչապետի տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, իսկ թշնամին գրավում է Արցախի գյուղերը, թշնամին օգտագործել է հրետանի, ունենք 6 վիրավոր։

Շատ լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարություններով: Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հարց է բարձրացրել՝ Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը, Փաշինյանը պետք է ասի՝ ինչ պայմանավորվածություն ունի Պուտինի ու Ալիևի հետ։

Լրատվականը չի ներկայացրել, որ Սորոսի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։ ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարել է, որ այս պատերազմում ամենամեծ մեղքն ունի Սորոսի գրասենյակը և նրա բոլոր շահառուները։ Նա նշել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ սեմինարներ, ինչ ժողովներ էին իրականացվում, մասնավորապես Թբիլիսում՝ ադրբեջանական մերձեցման համար։

Հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն, անդրադառնալով ադրբեջանական նոր հարձակմանը, հայտարարել է, որ սա ևս մեկ փաստարկ է նրանց համար, ովքեր քարոզում են, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ ընկերություն, առևտուր անել, դիվանագիտական հարաբերություն հաստատել։ Հիշեցնենք, օրերս Պետրոս Ղազարյանի հյուրը Անդրանիկ Քոչարյանն էր, որը հայտարարեց, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ սկսել հաղթող կողմի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և որ սրբորեն պետք է պահենք հրադադարը։ Այնինչ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է, որի համաձայն հայտարարվել էր ամբողջական հրադադար ու բոլոր ռազմական գործողությունների ավարտ, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ Փաստացի, հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք նախկին ԼՂԻՄ և ոչ 7 շրջանի մաս են կազմում, թշնամին վերցրել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ այս օրհասական շրջանում Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն ու ակցիաները մեծամասամբ չեն ներկայացվում կամ հպանցիկ, փոխարենը ներկայացվում են ծավալուն ռեպորտաժներ, որտեղ հեռավոր գյուղերի քաղաքացիները պահանջում են, որ վարչապետը հրաժարական չտա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ