7or.am-ը գրում է․ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցը (TV-5 հեռուստաընկերությանը), ընդհանուր առամամբ, լրացուցիչ ու անհրաժեշտ գործոն էր՝ ընթացիկ զարգացումները խթանելու, տրամաբանական ավարտին հասցնելու և անխուսափելի փոփոխությունների անհրաժեշտությունն ընդգծելու առումներով:
Հարցն այն չէ միայն, թե ինչ ասաց, ինչերի մասին վկայեց Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահը: Թեպետ, այդ ամենն, ինչ խոսք, էական էր:
Հարցն այն է, որ ևս մեկ անգամ ու բացեիբաց ընդգծվեց, ցույց տրվեց, թե ինչով ու ինչքան են տարբերվում պետական գործիչն ու ամբոխային փրփուրի վրա վերև նետված ոչինչը: Մարդիկ վերջապես պետության ղեկավարի (թող որ՝ նախկինում պաշտոնավարած) սրտաբուխ և կուռ տրամաբանված խոսք լսեցին, վերաբերմունք ու մոտեցում տեսան: Դա, ի հակադրություն արդեն երկուսուկես տարի Հայաստանում մոլեգնող ու Հայաստանը կրախի մատնած պոպուլիզմի, պատեհապաշտության և անպատասխանատվության:
Ի դեպ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի և այդ ընթացքում արված շեշտադրումների խորապատկերում առավել քան խեղճուկրակ և ողորմելի տպավորություն թողեց ոմն մեկի վերջին «լայվիկը»: Այո, այն ոմնին նկատի ունենք, ում անվան հիշատակումն անգամ վիրավորական է, առավել ևս՝ այս հրապարակման մեջ:
Տպավորվեց նախագահ Քոչարյանի այն շեշտադրումը, որ «եթե ինքը լիներ...», ուղղակի թույլ չէր տա, որ բանը հասնի պատերազմի: Եվ դա այդպես է. լինելով պատերազմական պայմաններում կայացած ու պատերազմ հաղթած գործիչ, Ռոբերտ Քոչարյանն իր նախագահական պաշտոնավարման շրջանում ամեն ինչ այն հունով ու այնպես է տարել, որ թշնամին կամովին հրաժարվել է պատերազմելու մտքից ու ցանկությունից:
Նաև ծանր հարցազրույց էր այն իմաստով նաև, որ իսկապես չափազանց դժվար է խոսել, մեկնաբանել, վերլուծել, գնահատականներ տալ, երբ աչքիդ առաջ ինչ-որ մի անարժան բառի ամենաուղիղ իմաստով քամուն է տալիս քո կյանքի, գործունեության, պայքարի տասնամյակների արդյունքները, հաղթանակները, ձեռքբերումները, ամեն ինչ, ներառյալ՝ ապագան:
Բայց տրված գնահատականները հնարավորինս սեղմ էին, որքան դա թույլ էր տալիս եթերային ֆորմատը՝ կոռեկտ:
Արվեց չափազանց էական շեշտադրում, որը, հուսանք, կհասնի ոմն մեկի չար ու փառակալած գիտակցությանը:
Հիշեցումը, որ գոնե մեզ հայտնի պատմության մեջ միայն Սադամ Հուսեյնն է, որ պարտվել է, բայց շարունկել է ղեկավարել, տեղին էր: Առավել ևս, երբ հիշում ես, թե երկրորդ պարտությունից հետո ինչ կատարվեց նույն Սադամ Հուսեյանի հետ: Նրան կախեցին, հայտնի է:
Ոմն մեկը, ով իրեն դեռ Հայաստանի վարչապետ է համարում, պետք է ի վերջո կողմնորոշվի: Չնայած շատերի՝ մարդկայնորեն հասկանալի հույզերին, նրան կախված տեսնելու մեծ ցանկություն առանձնապես չկա, նախ դեռ բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի այդ պոպուլիստ-կործանարարը: Նրա միակ «լավ գործն» այն կլինի, որ կամովին թողնի այլևս ոչինչ չնշանակող իշխանությունը, որը չունի էլ: Մեզ նոր ու ներքին ցնցումներ պետք չեն: Եղածն էլ մի քանի տասնամյակ, եթե ոչ հարյուրամյակ, արդեն բավական է: Այնպես որ այդ քաջնազարա-բոնապարտի համար նախընտրելի է կամովին հեռացումը, եթե նա չի ցանկանում վերջացնել հուսեյնական տարբերակից էլ վատ:
Այո, Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցով լրացուցիչ բայց անհրաժեշտ մեխերը խփվեցին ազգակեր պոպուլիզմի ֆեյքահոտ դագաղին: Եվ համազգային ամոթի ու խայտառակության այս խարանային, իր ամեն ելույթով իսկապես մեր ցավերն իրար տվող ու մեր վերքերին աղ ցանող այս հերձվածողական ռեժիմը որքան շուտ ու անցնցում հեռանա, այնքան ավելի շուտ և ավելի արագ կսկսվեն ապաքինումն ու վերականգնումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը