06 12 2020

Ժողովո՛ւրդ, ոտքի՛․ մենք չենք հանդուրժելու դավաճանությունը, ստորությունը․ Անդրանիկ Թևանյան

Ժողովո՛ւրդ, ոտքի՛․ մենք չենք հանդուրժելու դավաճանությունը, ստորությունը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՈՏՔԻ՛

Ես խոստացել եմ, որ որպես ՀՀ քաղաքացի Հայաստանի ու բոլորիս ճակատի վրայից մաքրելու եմ ամոթի ու պարտության խարանը, այսինքն՝ վարչապետի սենյակից վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Ամեն մեկս պետք է այս կոդով առաջնորդվի։ Դա այն անհրաժեշտ նվազագույնն է, որ արժանապատվություն ունեցող մարդը պետք է անի խայտառակ կապիտուլյացիայից հետո։

Քանի դեռ Ն․ Փ․–ն է պետության ղեկին, մեր երկիրը կենթարկվի թուրքական ներխուժման։ Քանի դեռ Ն․Փ․–ն է պետության ղեկին,, աղետը շարունակվելու է, գերիների հարցը չի լուծվելու, երկիրը կոլապսից դուրս չի գալու, Հայաստանի սահմանները դառնալու են խոցելի, մեր տներն՝ անպաշտպան, խորանալու է սոցիալ–տնտեսական ճգնաժամը, կանգնելու ենք հումանիտար ճգնաժամի առաջ։

Ի վերջո՝ կորցնելու ենք պետությունը և դառնանք աշխարհով մեկ ցրված ազգ։ Ես համոզված եմ, որ Ազատության հրապարակում հավաքված շուրջ 30 հազար քաղաքացիների պես մտածողները հարյուրապատիկ շատ են։ Սփյուռքում, Արցախում ու Հայաստանում արժանապատիվ մարդիկ միլիոններով են չափվում։ Նրանցից խնդրում ու պահանջում եմ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ։ Դուրս գալ տանից ու ցույց տալ, որ մենք չենք հանդուրժելու ստորությունը, դավաճանությունը, անգրագիտությունը․․․

Մեզ թուրքն ու ադրբեջանցին Նիկոլի օգնությամբ ծնկի են բերել, բայց չեն սպանել մինչև վերջ։ Հետևաբար՝ պետք է ոտքի կանգնել։ Ոտքի կանգնել, որ ապրենք, արարենք ու առաջ գնանք։ Ադրբեջանը պատրաստվում է դեկտեմբերի 10–ին զինվորական շքերթ անցկացնել։

Իրենց հաղթանակն են նշելու՝ հայկական կողմից վերցված զինտեխնիկայի ցուցադրմամբ։ Դա տիեզերական խայտառակ տեսարան է ապահովելու մեզ համար։ Ամոթից գետինն եմ ուզում մտնել՝ չտեսնելու համար այդ ամենը։ Սիրտս պայթում է, երբ պատկերացնում եմ, որ մեր պարտության խորհրդանիշը վարչապետի սենյակից անուղղակիորեն մասնակցելու է ազերիների այդ զորահանդեսին՝ տասնապատկելով մեր ցավը, մեր կորուստները․․․

Ես առաջարկում եմ այն նվազագույն հակադարձումը, որ մենք կարող ենք անել Ադրբեջանին։ Մենք պետք է մեր արժանապատվությունը փրկենք Նիկոլին «ո՛չ» ասելով, նրան Հայաստանի վրայից մաքրելով։ Այլապես Ադրբեջանում տոնն անդադար կշարունակվի, իսկ մեր սուգն ու ծնկած վիճակի վերջը չի գա։ Եվ այսպես, ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՈՏՔԻ՛։ Օրինակ վերցնենք հերոսական Սյունիքի քաղաքներից, որոնց ղեկավարները պահանջում են Նիկոլի ու կառավարության հրաժարականը։ Որպես ՀՀ քաղաքացի դիմում եմ բոլոր մարզպետներին, համայնքապետերին։

Դիմում եմ իմ հայրենակիցներին։ Դիմում եմ ու խնդրում։ Գյումրի՛, ոտքի՛ Վանաձո՛ր, ոտքի՛ Իջևա՛ն, ոտքի՛ Տաշի՛ր, ոտքի՛ Արմավի՛ր, ոտքի՛ Ոսկեպա՛ր, ոտքի՛ Աբովյա՛ն, ոտքի՛ Վա՛յք, ոտքի՛ Գավա՛ռ, ոտքի՛ Վարդենի՛ս, ոտքի՛ Դիլիջա՛ն, ոտքի՛ ․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ