02 12 2020

Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա 2,5 տարի պետությունը թուլացրել է. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա 2,5 տարի պետությունը թուլացրել է. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ։ 

«Մենք որպես ազգի ներկայացուցիչները, այդ ազգի մի մասը, մենք պետք է լուծենք մեր խնդիրը, թե՞ ինչ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ մենք այսօրվան ենք հասել։ Համոզված եմ, որ ցանկացած նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի Ռուսաստանի հետ ձեւավորելու արդյունավետ, դաշնակցային, վստահելի հարաբերություններ, որտեղ մեր քաղաքացիների եւ մեր պետության շահը կդիտվի որպես առաջնային, Ռուսաստանի իշխանությունները, բնականաբար, ընդունելու են եւ համագործակցելու են այդպիսի իշխանության հետ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ անդամի խոսքով՝ իշխանությունը շարունակում է հասարակության մեջ պառակտումներ մտցնել. «Մեր ուզածն է՝ ձեւավորել ազգային իշխանություն, ձեւավորել ժամանակավոր կամ անցումային այնպիսի կառավարություն, որի անելիքներն այս պահին հրատապ են, որը, ցավոք սրտի, այս իշխանությունը չի գիտակցում։ Իշխանությունը ոչ միայն չի հասկանում, այլ նաեւ հասարակության մի էական հատվածի՝ հակառակն է տրամադրում, շարունակելով իր ապատեղեկատվությունը, հասարակության մեջ պառակտումները, առանց հասկանալու, որ դրանով ինքն ավելի է թուլացնում մեր պետությանը։ Նա պատերազմի հրձիգ է, պատերազմի սպառնալիք է, նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ»։

Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթի ընթացքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց Մինասյանը։

Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին ևս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Այո, անպայման։ Վաղը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ