16 11 2020

Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Արմեն Գևորգյան

Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Արմեն Գևորգյան

 

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Քայլեր՝ քաոսից խուսափելու համար» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում երկրում տիրող ներքաղաքական վիճակին:

«Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․

  1. Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, չկան պարտավորություններ նաև հենց իշխանության ներսում։ Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Կառավարության՝ այս պահի միակ պարտավորությունը հրաժարական տալն է։ Հաջորդ քայլով պետք է ձևավորվի անցումային, ժամանակավոր կառավարություն, որը կկայունացնի վիճակը և սկիզբ կդնի քաղաքական, հասարակական երկխոսության։
  2. Այս վարչապետի և այս կառավարության հետ ցանկացած նոր օր տանում է մեզ ոչ միայն հանրային լարվածության մեծացմանը, այլև՝ տնտեսական կոլապսի և պետական կառավարման համակարգում քաոսի։ Հավատացեք, սրանք, ցավոք, դատարկ խոսքեր չեն։ Բոլորը պետք է վերջապես գիտակցեն, որ այս կառավարության հետ մեր երկիրը զարգանալու հնարավորություն չունի։
  3. Իրավապահ և ուժային կառույցները՝ դատախազություն, քննչական մարմիններ, դատարաններ, ոստիկանություն, ԱԱԾ, ինչպես նաև՝ բանակը, սկսում են հավասար պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության համար։
  4. Արևմտյան Սփյուռքը, ի դեմս հայտնի անհատների և խոշոր գործարարների, իրավունք չունի լռել և ըստ այդմ բարոյական աջակցություն ցուցաբերել գործող կառավարությանը։
  5. Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել Արցախի շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվ և չգիտակցել նոր իրողությունները՝ նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով և սխալ աշխատանք տանել արտաքին հիմնական գործընկերների հետ։
  6. Կա իրական հնարավորություն՝ անգամ այսօր երկիրը վերադարձնել կայունության ու զարգացման հուն՝ առանց այս կառավարության։ Դա դժվար է լինելու և մեծագույն ջանքեր է պահանջելու, բայց հնարավոր է։ Մենք կարիքը կունենանք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռ շատ ուշ չէ։
  7. Անհրաժեշտ է եզրահանգումներ անել և դասեր քաղել մեր ոչ հեռու միասնական անցյալից և հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ մեր հինավուրց քրիստոնյա ազգը գլորվեց մինչև նման իրավիճակ։ Բայց սա պարտադիր տնային աշխատանք է՝ վաղը չէ մյուս օրվա համար։
  8. Իսկ այսօր մենք մեր պատմության այն խաչմերուկում ենք, որտեղ պետք է գիտակցենք, որ, որպես պատմական Հայրենիք ունեցող ժողովուրդ, պետք է ի վիճակի լինենք պահպանել նաև պետությունը և զարգացնել այն։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ