Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ. ամոթ է, գետինը մտնեն ավելի լավ է: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին:
Նա հորդորեց, որ ավելի լավ կլինի իշխանությունները զոհվածների ընտանիքներին, տները կորցրածներին, զինվորների ծնողներին հանդիպեն և պատասխան տան նրանց: «Ես ամաչում եմ, որ հայ եմ, որ այսպիսի վարչապետ ունենք»,- ասաց նա և կրկին շեշտեց, որ այս ամենն արվում է նրա համար, քանի որ շատերը վախենում են իրենից, իսկ նա դեռ հունիսի 5-ից հայտարարել էր սպասվող վտանգների մասին:
Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետը կասկածի տակ է դրել Ծառուկյանի կողմից ստեղծված ջոկատի Արցախ մեկնելը, վերջինս արձագանքեց. «Դրա համար պետք է գնալ Ղարաբաղի ղեկավարությանը հարցնել, թե ինչ է արել Ծառուկյանը Ղարաբաղի համար: Ինչ որ կար, առաջին օրվանից կազմակերպել, ուղարկել եմ: Ես ամաչում եմ, որ պարտված վարչապետը այս երկրի գերագույն հրամանատարը, որ այսպիսի ամոթալի վիճակում ամբողջ ազգին դրել է, ամոթ է: Հարց չեն կարողանում լուծել՝ ասելով հպարտ քաղաքացիներ: Եթե մարդն այսօր պարտվել է խայտառակ ձևով, տվել է տարածքները, 1300-ից ավել զոհ է տվել, ես ամաչում եմ: Այսօր նորից բարձրաձայն ասում եմ ՝ ցանկացած մարդ անօրինականության համար պատասխան է տալու, սա երկար չի տևելու, թող մարդիկ խելքի գան»:
Հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանը վարչապետի պաշտոնին է հավակնում, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց՝ ոչ պաշտոնի է հավակնում, ոչ հեղափոխություն է ուզում անել, բայց ժողովրդի խնդիրները կարգավորել է պետք: «Փաշինյանը, եթե սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի: Ամեն վայրկյան տալով հնարավոր է ինչ-որ բան փոխել»:
Հարցին, թե ինչ է հնարավոր փոխել, եթե Փաշինյանը հեռանալ, նա պատասխանեց, որ դա կախված է բանակցություններից. «Ես չեմ կարող օդի մեջ ասել, բայց ինչ էլ որ լինի, դեպի լավն է լինելու, իսկ սա խայտառակ վիճակ է: Ժողովւրդն է որոշելու, թե ով լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը