Արցախը թշնամուն հանձնած իշխանության ներկայացուցիչները նոր մարտավարություն են որդեգրել՝ արդարացնել դավաճանությունը։ Թվում էր, թե դա անհնար է, բայց դե մարդիկ չեն հանձնվում, շարունակ ամեն տխմար կերպ արդարացնում են իրենց արածներն ու չարածները։
Իշխանական պատգամավոր, ավելին, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը, այսօր Անդրանիկ Քոչարյանը կրուտիտի մաստեր կլաս փորձեց ցույց տալ։
Նա ասում է՝ «Մենք պետք է շարժվենք մեր երկրի արտաքին ու ներքին շահին համապատասխան»։ Ո՞րն է մեր պետության արտաքին ու ներքին շահը, չի բացատրում պատգամավորը։ Արդյո՞ք հողը թշնամուն հանձնելը մեր երկրի շահից էր բխում։ Այդ, ո՞ր շահն էր դա նախատեսում։ Անդրանիկ Քոչարյանը, որը որդուն կասկածելի հանգամանքներում ազատել է տվել բանակից, պատգամավոր, որը խորհրդարանական հանձնաժողով էր ձևավորել ու քննում էր, ճիշտ ու սխալ էր անում, թե ապրիլյան պատերազմում պարտվել ենք, որովհետև 800 հեկտար ենք կորցրել, հիմա 10 հազար քառակուսի կիլոմետրը թշնամուն տալը համարում է ազգային շահից բխա՞ծ։ Լավ, մի՞թե պատգամավորի մանդատն ու աթոռը ավելի կարևոր բան է, քան հայրենիքը, արժանապատվությունը։ Իր համար, ըստ երևույթին, այո։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե ոչ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է․ «Երկրի գլխավոր հրամանատարին դավաճան համարելով, ոչնչի չենք հասնի, պետք է 20 տարի հետ գնանք ու գանք ու անընդհատ դավաճան փնտրենք»։ Այսինքն, չի բացառում, համաձայնվում է, որ Փաշինյանը դավաճան է, բայց եկեք այսօր նրա մեղավորությունը չքննարկենք։ Իսկ պատգամավորն ինչո՞ւ է 20 տարի հետ գնում, 20 տարվա մեջ ինչքա՞ն հող է թշնամուն հանձնվել, այն էլ՝ մեկ ստորագրությամբ։
Անդրանիկ Քոչարյանը նաև փորձում է հիմարացնել հանրությանը՝ բերելով իբրև թե ադրբեջանական կողմում առկա տեսակետ, թե ադրբեջանցիները մտածում են, որ Ղարաբաղը ոչ թե Ադրբեջանին է անցել, այլ Ռուսաստանին։ Այսինքն, Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն բանն է, Անդրանիկ Քոչարյանի ուղեղում։Այստեղ հարկ է հիշել նրա և իր որդու կենսագրությունների հակառուսական գործունեության ու քարոզչության դրվագները, որը նա փորձում է մոռացության տալ։
Նա հայտնի հակառուսական հայտարարությունների հեղինակ է։ Նա չէ՞ր, որ ասում էր, որ իրեն ամեն ինչ պարզ է, թե ով է «կազմակերպել» հոկտեմբերի 27-ը՝ ռուսական հատուկ ծառայությունը՝ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Բա՞։ Այդ տեսակետը տարիներ շարունակ տարածել է հենց Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն իշխանության գալուց հետո լռում է, փորձում քողարկել, չխոսել այդ առիթներով, երևի վախենում է։ Հարցեր կտան, որի տակից դուրս չի գա՝ պաշտոնյա է։
Բայց իրեն հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրով Ռուսաստանի մասին բացի խաղաղապահներից, այն էլ՝ Արցախում մնացած 1800 քառակուսի կիլոմետրի վրա, որտե՞ղ է խոսք գնում։ Հերի՛ք է, ձեր անհաջողությունների սլաքներն ուղղեք Ռուսաստանի վրա, մի դեպքում խնդրում եք, մյուսով ինչ ասես՝ ասում, ակնարկում, վարկաբեկում։
5-րդ ալիքի հարցին, թե ստացվում է՝ համակրեպվո՞ւմ եք իրավիճակին, պատասխանում է․ «Ես չեմ համակերպվում կորածի հետ, կարող ա դուք եք համակերպվում»։ Հիմա հարց, եթե չեք համակերպվում, բա ի՞նչ եք անում։ Չհամակերպվողները փողոցում ձեր իշանության հրաժարաանն են պահանջում, գնացեք միացեք։ Երկու օրից Նիկոլ Փաշինյանը հող է հանձնելու, նոյեմբերի 20-ին էլ, դեկտեմբերի 1-ին էլ։ Բա չեք համակերպվում, մի բան արեք, կանգնեցրեք գործընթացները, ոչ թե փախեփախ ման եկեք ժողովրդից։
Անդրանիկ Քոչարյանը, սովորությանը համաձայն, արդեն վարժեցված ագրեսիվ կեցվածք ցուցաբերեց «5-րդ ալիքի» լրագրողի նկատմամբ։ Ընդհանրապես, նա 5-րդ ալիքի միկրոֆոնի կարմիր գույնից գազազում է այնպես, ինչպես իսպանական ցուլը կարմիր լաթից։ Պատճառը հասկանալի է՝ հող հանձնած իշխանությունը չի կարող համակերպվել իր քննադատների հետ։ Բայց այսօր բոլորն են իրենց քննադատում, անգամ թիմակիցները կամ երբեմնի միամիտ աջակիցները, և ուշագրավ է, որ այս ալիքի լրագրողի ցանկացած հարցից էլ ավելի է կատաղում։ Կարմիրը տեսավ, նոպա է ունենում։
Ու մեղադրում է 5-րդ ալիքին, թե՝ դուք ամեն ինչ անում եք, ո մեր երկիրը թուլանա։
Պատկերացնո՞ւմ եք։
Իրենց դիլետանտների իշխանությունը՝ կառավարությամբ ու խմբակցությամբ, Անդրանիկ Քոչարյանն անձամբ 2,5 տարի ամեն բան արել են, որ մեր երկիրը թուլանա, հետապնդել, կալանավորել են մտահոգ մարդկանց, քաղաքական հակառակորդներին, գեներալներին հեղինակազրկել են, խայտառակել են, տնտեսությունը թուլացրել են, վարկաբեկել են բանակը, թուլացրել են որքան հնարավոր եղավ, ու հիմա մեղադրում են լրագրողներին կամ հեռուստաալիքներին, որ այդ ամենի մասին բարձրաձայնո՞ւմ է, փորձում է դեմն առնել։
Անձամբ էս տխրահռչակ պատգամավորին, որի «քաջագործությունները» Գյումրիում լավ հայտնի են ու լեգենդ են դարձել, այս մարդուն, որը Վազգեն Սարգսյանի անունը տալով ման է գալիս, չնայած շատերին է հայտնի Վազգեն Սարգսյանի վերաբերմունքը նրա նկատմամբ, Փաշինյանի անգամ այսօրվա արածին միացած այս տխրագործիչին պատմությունը ինչպե՞ս է հիշելու։ Բոլորդ գիտեք այդ բառը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը