10 11 2020

Նախագահը հանդիպել է Վանեցյանին, ՀՀԿ և ՀՅԴ անդամներին



Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում:

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը: 

***

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանություններին՝ ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են արտահայտել առկա ռիսկերի վերաբերյալ, ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման իրենց տեսլականը:

Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս։

Նախագահ Սարգսյանը ընդգծել է երկրի կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:

***

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ:

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը:

ՀՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ