10 11 2020

Չենք պարտվել, որովհետև պարտությունը երկրորդ ցեղասպանությունը պիտի լիներ. Վահագն Թևոսյան

Չենք պարտվել, որովհետև պարտությունը երկրորդ ցեղասպանությունը պիտի լիներ. Վահագն Թևոսյան

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեղավորները պետք է պատժվե՞ն. Միանշանակ: Ով, որտեղ, ինչ ճամբարում էլ լինի, պիտի պատժվեն: Եթե ես էլ եմ մեղավոր՝ ես էլ պետք է պատժվեմ, չնայած հավատացած եմ, որ պատերազմի շարունակությունը կործանարար էր լինելու:

Պարտվե՞լ ենք. Ոչ: Հաջողել ենք չպարտվել, որովհետև պարտությունը, շատերիս ընկալմամբ, երկրորդ ցեղասպանությունը պիտի լիներ ու պետականության կորուստ: Բայց նաև չենք հաղթել, ու դա արդեն բավարար է, որպեսզի մեզ նվաստացած զգանք: Բայց մեզնից յուրաքանչյուրը տասնյակ օրինակներ կարող է բերել, երբ գլխովին ջախջախված ազգերը ներքին կամքի ու միասնականության շնորհիվ կարճ ժամանակում հետ են բերել իրենց կորցրածը՝ դեռ մի բան էլ ավելի:

Մենք ի՞նչ տանուլ տվեցինք. Ճակատամարտ, ոչ պատերազմ: Ինչպես և հաղթել էինք իննսունականների ճակատամարտում, սակայն դրա արդյունքները չհաջողեցինք ամրագրել վերջնական դիվանագիտական հաղթանակով: Ես չեմ տարանջատում նախկին-ներկա, քանի որ ինքս էլ եմ մասնակից եղել ստատուսքվոական-ոչմիթիզական մթնոլորտի ձևավորմանը, քանի որ ճակատամարտում հաղթանակը վերջնական նվաճում էր թվում, ու չէինք հասկանում, որ կարող է լինել այն գլխովին վերափոխող իրավիճակ, որը մի օր պիտի տեղի ունենար: Ցավոք արյան ծանր գնով, որովհետև մեր մեջ ուժ չգտանք հանրային առողջ դիսկուրս ձևավորելու ու հնարավոր զիջումների մասին խոսելու, չնայած գիտեինք, որ դրանք մեզ պարտադրվում են: Որովհետև տասնամյակներով հանրությանը սնել էինք անպարտելիության մասին ռոմանտիկ պատկերացումներով ու թուլացրել զգոնությունը:

Ի՞նչ պիտի անենք. Պիտի հենց այսօրվանից պատրաստվենք հաջորդ պատերազմին: Դա կլինի պատերազմ տարածքների համար, ինքնությունը չկորցնելու համար, երկրի զագրացմանը խոչընդոտող իրողությունների, թե յուրաքանչյուրիս ներքին դևերի դեմ՝ մեկ է. պատերազմը պատերազմ է, ու եթե չես հրաժարվում բանակից, նշանակում է գիտակցում ես պատերազմի հնարավորությունը: Քարտեզները հարափոփոխ են, առաջին պատերազմը սկսել է հազարամյակներ առաջ, վերջինի ավարտը մենք չենք տեսնելու:

Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ. Ազգի ամբողջ առողջ պոտենցիալը, անկախ գաղափարական նախապատվություններից, բոլոր նրանց՝ որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, ու գիտակցում են, որ ազգային ինքնագնահատականի անկումը բերում է անկյալության, ապատիայի ու էլ ավելի վտանգում դեռևս պահպանածդ: Ու անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր այս պահի դիրքում զգա ու կրի իր անհատական պատասխանատվությունը:

 Ի՞նչ եմ զգում. Միաժամանակ տխրություն, բայց ոգեղենություն. ամոթ, բայց հպարտություն. ցասում, բայց աշխատելու մոլուցք: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, որ այսօրվա օրով չէ միայն, որ ապրում է, պիտի որ այս զգացումներն իր մեջ ունենա հիմա: Ու եթե այնպես է ստացվել, որ պետք է նոր մեկնարկ տալ, ապա դա պետք է անել անհապաղ, որովհետև հաջորդ պատերազմը՝ ինչ դաշտում էլ այն լինի, ինչ ձևով էլ այն լինի, իրեն երկար սպասեցնել չի տալու:

 Որդիս վերադառնում է այսօր ճակատից: Բայց չեն վերադառնում իմ հազարավոր եղբայրները, որդիները, հայրերը, ընկերները: Բոլոր անունները հատ-հատ կարդացել եմ, հատ-հատ պատկերացրել եմ հարազատների ցավը, ու որպեսզի ավելի ցավա ու ազնիվ ցավա՝ մտքումս դրել եմ ինձ հարազատների տեղը բոլոր անտանելի մտապատկերներով: Ու էս ժողովրդական ցավի տակից պիտի նոր ընձյուղ արձակվի, ուզենք, թե չուզենք, դա գերնպատակ է: Հավերժ փառք ընկածներին, ում շնորհիվ մեզ այսօր այդ շանսը տրված է: Գամեք ինձ անարգանքի սյունին, եթե կարծում եք՝ կեղծում եմ»:

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ