Քաղաքական վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ակնհայտ էր, որ արցախյան պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների զինյալների առաջ կանաչ լույս վառելն անհետևանք չէր անցնելու: Դրանք փորձանք էին դառնալու ոչ միայն Թուրքիայի համար, որը վարձում և տեղափոխում էր վարձկաններին պատերազմական գոտի, ոչ միայն Ադրբեջանի համար, որտեղ դրանք ոչնչանում են խորանարդ մետրերով, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Ֆրանսիայում, Ռուսաստանում ու հիմա էլ Ավստրիայում դա արդեն իրենց մաշկի վրա են զգում: Հաբեկչությունը նորագույն պատմության ամենացավոտ չարորակ ուռուցքն է, որը հայտնի է, ճանաչելի է, բայց պետությունները վախենում են դա վիրահատել, որովհետև այն գրեթե միշտ արագ մետաստազներ է տալիս: Եվ ամենևին էլ էական չէ, թե որտեղ են նրանց հենակետերը՝ Սիրիայում, թե Ադրբեջանում, որովհետև նրանց հիբրիդային բնույթը, գաղափարական ընդհանությունը և նրանց նկատմամաբ «անվտանգ» հասարակությունների պաթոլոգիկ վախը իրենց մարտունակության գրավականներն են:
Ուրիշի դժբախտության վրա չարախնդալը բարոյական չէ, բայց երբ ահաբեկչությունից տուժածները գոռում են այդ վտանգի մասին և մնում են անարձագանք, «անվտանգ» հասարակություններում ահաբեկիչներն են արձագանքում: Հասկանալի է, որ Արցախին ակտիվ դիվանագիտական աջակցություն հայտնած Ֆրանսիայում ու Կանադայում իսլամիստ ծայրահեղականները պետք է գլուխ բարձրացներին, որ Ռուսաստանում թաքնված ահաբեկչական բջիջները պետք է նույն կենտրոնից՝ Թուրքիայից, ակտիվանալու հրահանգ ստանային: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան նույնպես չէր կարող զերծ մնալ նախ այն պատճառով, որ նույնպես հայանպաստ դիրքորոշում էր արտահայտում այս կոնֆլիկտի շրջանակներում, այլև Եվրոպայում թուրքական նկրտումների սիմվոլ է հանդիսանում: Վաղը այդ նկրտումները երևակվելու են Հունաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում և որպեսզի դա չլինի, հենց այս պահին պետք է որոշակի գործնական քայլեր կատարվեն: Իրեն քաղաքակիրթ հայտարարած Եվրոպան պետք է չվարանի վիրահատական միջոցառումներից, պետք է իսլամիստական ծայրահեղականության որջը՝ Թուրքիան, իր մաշկի վրա գործնականում զգա պատժի անխուսափելիությունը և դառնությունը: Երբ այդ երկրի նախկին վարչապետ Դավութօղլուն երեկ հայտարարում էր, որ Էրդողանը կորոնավիրուսից վտանգավոր է աշխարհի համար, միջազգային հանրությունը դա պետք է որպես ազդակ ընդունի: Թուրքիան Էրդողանի ռեժիմի դեմ ներքին ռեսուրսներ չունի, իսկ դրսից օգնություն խնդրելու համար էլ համարձակություն ու գիտակցում չունի: Բայց որ Էրդողանից ազատվելու ցանկությունն արդեն մեծ է, ակնհայտ է:
Մի պարբերությամբ էլ՝ Իսրայելի մասին: Այս երկիրը, որ ահաբեկչությունից ամենաշատ տուժածներից մեկն է համարվում, ժամանակակից տեխնոլոգիական զենքով հենց այս պահին զինում է ահաբեկիչներին արցախյան ռազմաճակատում: Եթե նա մտածում է, որ այդ զենքը մի օր իր դեմ չի շրջվելու, թող ուղղակի հիշի երեկ Վիեննայում սինագոգի վրա հարձակումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը