Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից բերվող օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ, ՌԴ-ն մտահոգված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Ռազմական իրավիճակը պահպանվում է: Այս պայմաններում` իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Վստահ ենք խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության հարցում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը պարբերաբար շփվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի ղեկավարի` Թուրքիայի նախագահի հետ զրույցներում: Սերգեյ Լավրովն այն քննարկել է նույն պետության արտաքին գործերի նախարարի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ»»,- ասել է Զախարովան:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ցավոք, հաջողություն չունեցավ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հասնելու միջազգային հանրության հերթական փորձը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը