Իրանցի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանային պաշտպանությունը` Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ադրբեջանի և Հայաստանի բախումների և միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների չպահպանման արդյունքում... Իրանի զինված ուժերը, ամրապնդելով իրենց պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանային շրջանների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է», - նշվում է բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ նա մատնանշել է ղարաբաղյան հակամարտության գոտուց արկերի ընկնելն Իրանի տարածք` կողմերին խորհուրդ տալով «չանցնել Իրանի կարմիր գիծը» և խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում, նշել է բրիգադային գեներալը, Իրանը չի հանդուրժի, իսկ հակամարտության կողմերը, անկասկած, կզղջան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը