Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», - ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:
Ընդ որում՝ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության որոշումը պետք է հենվի կոմպրոմիսի վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ կոմպրոմիսի վրա»,-ընդգծել է նա:
«Եթե չկա մյուս կողմից պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ հանուն մեր ժողովրդի իրավունքների, հանուն Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների,-շարունակել է Փաշինյանը:-Ես կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ, որ դա ազնիվ եւ կառուցողական դիրքորոշում է»:
Իր հերթին, Ադրբեջանի նախագահը ТАСС-ին տված հարցազրույցում ևս ասել է, որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և գտնենք կարգավորման ուղիներ», - ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ինքը մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը