ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Իրականում ռազմաճակատում հրադադար չկա, պատերազմը նույն թափով շարունակվում է։ Վիճակը օրհասական է և ծայրահեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չհաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշվելու Հայոց պետականության գոյության հարցը։ Այս հյուծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում. հանուն ազատ, անկախ Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի՝ ճակատում կողք-կողքի զոհվում են հայր ու որդի, զույգ եղբայրներ...
Օրվա պատասխանատուները ոչ սխալվելու իրավունք, ոչ էլ հապաղելու ժամանակ ունեն։ Նորից եմ կրկնում՝ հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում, ողջ հայ ժողովրդի ռեսուրսների արդյունավետ մեկտեղում և օգտագործում։ Հասկացեք՝ մեր առաջարկ-պահանջի մեջ անձնական, քաղաքական կամ կուսակցական շահ չկա, սա պահի լրջության թելադրանքն է, սա է պահանջում մեր պետության և ժողովրդի շահը։
Հ.Գ. Մեծապես կարևորում եմ, որ գոնե պատերազմի այս օրերին իրավիճակը սթափ գնահատող, իրական համախմբում ապահովող, գործնական և անկեղծ տեսակետ հայտնող անհատները, մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները լինեն առաջին պլանում և թույլ չտան, որ որոշ բախտախնդիր, անհայրենիք հիմարներ հասարակությանը կերակրեն ստով և կեղծիքով: Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն էլ կգա, իսկ մինչև այդ պետք է արձանագրել, որ դժբախտություն է, երբ քո երկրում հասարակական կարծիքի ձևավավորման վրա ազդեցություն ունեն անհայրենիք, իրականությունից կտրված ստահակները, բայց կրկնակի դժբախտություն կարող է լինել, եթե կարևոր որոշումները ընդունվեն այդպիսինների ձևավորած մթնոլորտի արդյունքում։ Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը