16 10 2020

Արցախում ահաբեկիչների հարցը լուծվում է ոչ միայն հայերիս համար, այլև՝ Ռուսաստանի անվտանգության

Արցախում ահաբեկիչների հարցը լուծվում է ոչ միայն հայերիս համար, այլև՝ Ռուսաստանի անվտանգության

Կովկասագետ Հրանտ Միքայլեյանը ՌԴ-ում կանխված տեռորիստական ակտերի ու Արցախում ահաբեկիչների դեմ պատերազմի միջև տեսնում է զուգահեռներ:

ՌԴ մի քանի քաղաքներում միաժամանակ կանխվել են տեռորիստական ակտեր, որոնք, ըստ ռուսական լրատվամիջոցների, սիրիացի ահաբեկիչների կողմից էին ձեռնարկվել: Ի՞նչ միտում է սա հուշում, արդյո՞ք Արցախի տարածք ներխուժման փորձ անող ահաբեկիչների ու ՌԴ-ում այսօր կանխվածի միջև կա ընդհանուր ձեռագիր: Հետագիծը տանու՞մ է Թուրքիա:

Մենք բավարար չափով չունենք տեղեկատվություն՝ այս ամենում Թուրքիայի ձեռագիրը բացառելու կամ հաստատելու համար:

Դատողություններ անելու համար պետք է սպասենք ռուսական հատուկ ծառայությունների հետաքնության արդյունքներին, որը, վստահաբար,  կպարզի՝ արդյո՞ք սիրիացի ահաբեկիչներն Ադրբեջանից են տեղափոխվել Ռուսաստան, ի՞նչ կապ կա Արցախի դեմ պատերազմող, օրեր առաջ Չեչնիայում հայտնաբերված ու ՌԴ-ում տեռորիստական ակտեր պլանավորող ահաբեկչական խմբավորումների միջև: Բայցևայնպես, փաստ է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների Ադրբեջան բերելը, որպեսզի հարձակվեն Արցախի վրա, արդեն իսկ անվտանգային լուրջ սպառնալիք էր ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի։ Փատորեն, հետևանքները կարծես շատ չուշացան:

Սա ավելի կարագացնի՞ ԼՂ կարգավորմանն ուղղված ռուսական ջանքերը, գուցե խաղաղապահների տեղակայման հարցը միաժամանակ:

Այո, ես կարծում եմ, որ սա կանդրադառնա բանակցությունների ընթացքի վրա: Ավելին, հնարավոր է, որ կանխված միջադեպերով պայմանավորված՝ Ռուսաստանից  լրացուցիչ զենքի աջակցություն լինի հայկական զինուժին: Փաստացի, ամենաարդյունավետ պայքարը վարձու ահաբեկիչների դեմ կարողացավ մեր բանակը տալ: Ռուսաստանի անվտանգության սպառնալիք դարձած ահաբեկիչները պարտվում են Արցախում, նրանք ոչնչացվում են մեր զորքերի կողմից: Այսպիսով, Ռուսաստանի անվտանգության հարցը որոշ չափով լուծվում է Արցախում:

Մեր բանակը ցույց տվեց, որ ահաբեկիչներին որպես գործիք օգտագործելն այնքան էլ արդարացված չէ, սխալ մարտավարություն էր ընտրված հատկապես հայկական զինուժի դեմ նրանց կիրառելով։ Օրինակ՝ Լիբիայում այս գործիքը Թուրքիային բավականին լավ ծառայեց: Այնպես որ, այսօր Արցախում ահաբեկիչների հարցը լուծվում է ոչ միայն հայերիս համար, այլև՝ Ռուսաստանի:

Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո հրադադարի պայմանագրի կատարումն ստանձնել է ՌԴ Պաշտպանության նախարարը: Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների հանդիպումը Մոսկվայում՝ Սերգեյ Շոյգույի միջնորդությամբ: Ի՞նչ ակնկալել այս հանդիպումից:

Պաշտպանության նախարարների հետ հանդիպումը պետք է դիտարկենք հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական ակտիվ ջանքերի տեսանկյունից: Չմոռանանք, այս փստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում ու Ռուսաստանի բարձր իշխանության ակտիվ միջնորդությամբ: Իսկ դրա չկատարումը պատվախնդրության հարց է Ռուսաստանի համար, ուստի այդ հանդիպմանը Շոյգույի միջոցով պիտի ամրապնդվի պայմանավորվածությունը և ենթադրաբար որոշակի նոր էլեմենտներ կներմուծվեն այդ համաձայնագրի մեջ: Հնարավոր է ուժային կառույցներով  ոչ հրապարակային քննարկվելու է հենց այս պայմանների ապահովման հարցը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ