13 10 2020

Ալիևն արդեն իսկ չի կատարել իր առջև դրված նպատակն այն ժամկետներում, որում կանխատեսում էր. Արտյոմ Տոնոյան

Ալիևն արդեն իսկ չի կատարել իր առջև դրված նպատակն այն ժամկետներում, որում կանխատեսում էր. Արտյոմ Տոնոյան

«Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը երկու պատճառով՝ չի հասել պատերազմից առաջ իր առջև դրված նպատակին, այսինքն, եթե դրված էր նպատակ օկուպացնել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը՝ ներառյալ նաև 7 շրջանները, չի հասել իր այդ նպատակին: Երկրորդ՝ կա ներքին դիմադրություն, իր այդ հայտարարության տեքստից խիստ դժգոհ է մնացել իր հասարակությունը և դա համարում է ժողովրդին մեջքից հասցրած հարված սեփական իշխանության կողմից»: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ու վերջին օրերին հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտմանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներքին քաղաքական զարգացումներին, Տոնոյանը նշեց, որ ադրբեջանական հանրապետության ներքաղաքական կյանքում հարաբերական կայունություն է. «Ադրբեջանում հարաբերական կայունություն է, համենայն դեպս արտաքին դիտարկումը դա է ցույց տալիս։ Անգամ հայտնի քննադատողներից նրանք, ովքեր չեն գտնվում Ադրբեջանում և ապահովված են այն վտանգից, որ կարող են ենթարկվել պատասխանատվության այդ երկրի տարածքում հայտարարված ռազմական դրության կանոնները խախտելու համար, անգամ նրանք իշխանություններին չեն քննադատում այս պահին: Նրանք փորձում են աջակցել և իրենց ունեցած հարթակները ծառայեցնում են ի շահ ադրբեջանական իշխանությունների քաղաքականության»:

Արևելագետի խոսքով, վերոնշյալը պայմանավորված է երկու հանգամանքով. «Մեկն այն է, որ կատարյալ հնարավորություն է իրենց համար, և մի կողմից ակնհայտ է, որ գործող ուժերից որևէ մեկը չէր սպասում, որ կարող է պատերազմը երկարել, իրենց գիտակցության մեջ այն համոզմունքն էր, որ հերթական Ապրիլյան քառօրյան է լինելու, բայց պատերազմի երկարաձգումը լայն հասարակական էյֆորիա ստեղծեց, որի մեջ հայտնվեցին քաղաքական ուժերը: Մյուս հանգամանքն այն է, որ այս պահին զուտ քաղաքական նպատակահարմարության տեսակետից շատ ձեռնտու է, որ Իլհամ Ալիևը շարունակի ռազմական գործողությունները և չդադարեցնի դրանք: Հետևաբար, հայտնում են աջակցություն ադրբեջանական իշխանություններին, որովհետև երկու դեպքում էլ ստացվում է, որ շահում են: Հաջողելու դեպքում ստանում են նոր տարածքներ, ինչն, ըստ էության, Ադրբեջանի ցանկացած քաղաքացու համար ցանկալի է, իսկ մյուս պարագայում ստանում են իրենց առջև դրված տապալված նպատակ, տապալված իշխանություն, մեծ թվով մարդկային ու նյութական կորուստներ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ