08 10 2020

Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը՝ Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը

Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը՝ Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին, հաղորդում է iLur.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է.

 «Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:

 Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից: Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:

Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում:

 Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

 Ավելորդ համարելով մտնելու մանրամասների մեջ, որոնք արտացոլված են 2016թ. մայիսի 6-ին հրապարակված իմ հոդվածում, հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը. այս դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ