ՊԲ-ն հայտնում է․ «Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում:
Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը:
Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով:
Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը