Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում ընդունելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հանդիպում:
«Ժամանակն է զրույցներ ունենալ երկու երկրների ղեկավարների հետ, դրանք նախատեսված են անցկացնել այս շաբաթ: Անհրաժեշտ է, որ Վրաստանը հավատարիմ մնա հարևան երկու երկրների նկատմամբ չեզոքությանը: Մեր երկրների տնտեսություններն ու զարգացումը աշխարհում խաղաղությունից են կախված»,- հայտարարել է Վրաստանի նախագահը «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Զուրաբիշվիլու խոսքով՝ Վրաստանը հակամարտող կողմերին կրակը դադարեցնելու կոչ է արել, որպեսզի խուսափել հետագա զոհերից:
«Երկու կողմից էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատելու պատրաստակամության նախադրյալներ են նկատվում: Կարծում եմ՝ մենք պետք է նպաստենք հանդիպմանը անցկացմանը, թեկուզ՝ հենց Վրաստանում: Մենք ամեն բան կանենք և պատրաստ ենք այն ամենին, ինչն ընդունելի կլինի նրանց համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը