Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հարգելի ընթերցող
Այս օրերին համացանցը ողողված է հազար ու մի ճշտված ու չճշտված տեղեկություններով, ով ինչ լսում՝ դնում է ֆեյսբուքյան էջին, տարածվում է։ Չկա սահմանափակում համացանցում, վերահսկողություն անհատների վրա. դրա համար մեկի գրածը դառնում է խուճապ, 100-ի գրածը՝ ոգևորություն, հաղթանակի հավաստում։
Բայց սահմանին բոլորովին այլ բան է կատարվում, որը կապ չունի ֆեյսբուքյան իրականության հետ․ սա պարտավոր ենք հասկանալ։ Առավելապես համացանցում, մարդիկ պահանջում են, որպեսզի բոլորի մտքերը նույնը լինեն, անգամ խոսքը նույնը լինի, և հաճախ այդ պահանջները ադեկվատության սահմաններից դուրս են։
Կարող ես պահանջել որ բոլորը լինեն միասնական թշնամուն դիմագրավելու դեմ, բայց չես կարող պահանջել, որ բոլորը լինեն իշխանամետ և նրանք, որոնք քննադատում են իշխանությանը անգամ այս օրերին, չենք կարող մեղադրել, թե պետականամետ չեն։ Էդպես չէ։
Դավիթ Շահնազարյանի խիստ քննադատությունն ենք դրել Yerevan.Today կայքում ու էջում։ Սկսել են հարձակումներ թե՛ քաղաքական գործչի վրա, թե՛ մեզ վրա։ Ժողովուրդ, կան հարցեր, որոնք հնչելու են, և պետք է պատասխան էլ տրվի դրանց՝ ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ են մեր զինվորները զոհվում սահմանին, հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, ինչո՞ւ է մարդկանց իրականությունից կտրված տեղեկատվություն տրվում, ժողովրդի թիկունքում ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, ինչո՞ւ պատերազմի երկրորդ օրը բանակը կարիք ունի պահեստազորի, կամավորականի, ջրի, սիգարետի, դեղորայքի․․․ Եվ այլն, և այլն, կան բազմաթիվ ինչուներ, որոնք իրենց պատասխանը սպասում են, դրանք կտրվեն պատերազմի ավարտից հետո։
Քննադատողների կարծիքով, Դավիթ Շահնազարյանը շտապել է, իր և այլոց կարծիքով՝ հատկապես այդ կարծիքը հայտնելու ժամանակն էր։ Իսկ մենք, ինչպես որ իշխանության կարծիքն ենք հրապարակում, այնպես էլ՝ այլ կարծիքներ։ Այս օրերին էլ շարունակելու ենք աշխատել նույն ռեժիմով՝ ներկայացնել բոլոր պաշտոնական տեղեկությունները, մեր բանակի հաջաղությունները, միջազգային հայանպաստ արձագանքները, մեր դրսի գործընկերների հետ միջազգային մամուլին տրամադրել մերոնց հաջողությունների և ադրբեջանական ագրեսիայի մասին փաստերը։ Իսկ ավարտից հետո մենք նույնպես այդ հարցերը կբարձրաձայնենք։ Ձեր քննադատություններին ըմբռնումով ենք մոտենում, բայց մտադիր չենք սահմանափակել որև ողջամիտ կարծիք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը