02 10 2020

Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կբերի ռազմական վիճակի սրման. փորձագետ

Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կբերի ռազմական վիճակի սրման. փորձագետ

Պատերազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանի  իշխանությունը հրատապ կարգով օրակարգ է բերել  Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը, ինչը ներքաղաքական հարթակում դրականորեն է ընդունվում, բայց  նաև բավականին կոշտ արձագանքների է հանդիպում: Հակասությունները, անշուշտ, բացահայտ կերպով չեն դրսևորվում այս փուլում, ենթադրաբար, զուտ ռազմական դրության հանգամանքը հաշվի առնելով: Բայց, պետք է նկատել, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարծես անվրդով քննակորմներ է նախաձեռնել, իսկ թե ու՞մ հետ, ո՞ր ուժերի, ի՞նչ բովանդակությամբ տեքստի շուրջ է քննարկում ծավալում, ովքե՞ր են դրա ստեղծողները և ինչպիսի՞ հարթակներում, հրապարակայնորեն չի խոսվում:  

«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»,- սեպտեմբերի 29 -ին այս մասին գրել էր ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ իր facebook-յան էջին:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ Ադրբեջանի ձառնարկած լայնածավալ ռազմական գործողություններից հետո, ԱԺ արտահերթ հրավիրած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ճանաչումն օրակարգում է և այդ հարցը տեղափոխվում է ակտիվ քննարկումների փուլ:

Ինչո՞ւ հիմա ֆորմալացնել երկու հայկական պետություններևի միջև առկա փոխգործակցությունը, երբ առանց այդ էլ Հայաստանն Արցախի անվտանգութան երաշխավորն է ու առանց դաշինքի փաստաթղթի էլ՝ Հայաստանի և Արցախի միջեւ պաշտպանական ոլորտում դե-ֆակտո համագործակցությունը ակնհայտորեն սերտ է:

Ուրեմն ի՞ նչ է տալու մեզ այդ փաստաթղթի գոյությունը, այն էլ՝ այս լարված իրավիճակում։ Արդյո՞ք դաշինքի կնքումը կարող է դառնալ ռազմաքաղաքական իրավիճակից ելք ու իսկապես կծառայի Արցախի սահմանների պաշտպանությանը: Իրավական առումով ի՞նչ տաբուներ կլինեն հետագայում՝ միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած գործընթացում:

Խնդրո առարկա հարցի շուրջ ամենևին էլ դրական չեն փորձագիտական կարծիքները: Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը չի կիսում ՀՀ իշխանության լավատեսական տրամադրությունները և համարում է, որ ռիսկային է այս փուլում դաշինքի լեգալացումը, այն կարող է վիճակն էլ ավելի սրել: 

 «Ռազմաքաղաքական դաշինքը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի միջև, ընդ որում՝ շատ իրական է եղել, քան պնդում են ներկայումս որոշ ուժեր: Այլ հարց է, թե դրա ֆորմալացումը ինչ իրավական հետևանքներ կբերի Հայաստանի համար՝ հատկապես ընթացող պատերազմի պարագայում:

Ես առավել քան վստահ եմ, որ դա հանգեցնելու է էսկալացիայի, բայց ռազմաքաղաքական դաշինքի ֆորմալացումը որևէ նպաստ չունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացում: Անգամ եթե ՀՀ-ն այսօր ճանաչի Արցախի անկախությունը, դա որևէ կերպ չի հանգեցնելու Արցախի միջազգային իրավասուբյեկտայնության ծագմանը: Դրան իրականում  պետք է հաջորդեն նաև այլ պետութոյւնների կողմից ճանաչումներ, և եթե դրանք տեղի չունենան, կնշանակի՝ ընթացող պատերազմում ընդամենը սխալ հաշվարկներով ֆորմալացվում է Հայաստան-Արցախ կապը, ինչը կարծում եմ, էլ ավելի կսրի պատերազմական իրավիճակը, ավելին՝ խաղաքարտեր է տալու ադրբեջանական ու թուրքական կողմին, որպեսզի ավելի ակտիվորեն պրոպագանդա վարեն միջազգային հարթակներում առ այն, թե իրենք գործ ունեն Հայաստանի ագրեսիայի, Հայաստանի կողմից իրենց տարածքների զավթման, ազգերի ինքնորոշման կարևորագույն սկզբունքը նսեմացնելու հետ: Հայերիս պաշտպանողական նպատակներից ելնելով առանձնացմանբ լեգիտիմ իրավունքը  հակահայկական քաղաքականության հետ կապված լրջագույն հարցեր կարող է առաջացնել, որոնք ի սկզբանե ընկած են եղել կոնֆլիկտի տրամաբանության մեջ:  Ուստի ես, որպես միջազգային իրավունքի փորձագետ, մեծ զգուշավոություն կցուցաբերեի իրավական հարթության մեջ այս համագործակցությունը ֆորմալացնելու ուղղությամբ:

Պետք է հասկանալ, որ նման ֆորմալացումների դեպքում եթե միայնակ ես, ուրեմն դա բացառապես քաղաքական ակցիայի է վերածվում, հետևաբար այդպիսով մենք կարող ենք սրել ռազմական ճանապարհով հարցի լուծման մոտեցումը, ինչը չի բխում բնակչության շահերից»:

Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ