01 10 2020

Մենք անտարբեր չենք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում․ Զախարովա

Մենք անտարբեր չենք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

«Լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ից շարունակվող լարվածությամբ: Հարվածների փոխանակման արդյունքում զգալի ավերածություններ են տեղի ունենում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական կառույցներում: Երկու կողմերից էլ կան բազմաթիվ զոհեր, այդ թվում և խաղաղ բնակչության շարքում: Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, վերջ դնել արյունահեղությանը, ցավակցում ենք զոհերի և վիրավորների հարազատներին:

Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի և Ադրբեջանի հետ կապում են բազմակող հարաբերություններ: Ռուսաստանում բնակվում են մեծաթիվ հայկական և ադրբեջանական համայնքներ: Մենք անտարբեր չենք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և վստահ ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Տարածաշրջանային խնդիրների լուծումը բացառապես քաղաքական դաշտում է գտնվում: Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մարտական բախումների առաջին իսկ ժամերից հետևողականորեն ջանքեր է գործադրում՝ ուղղված անհապաղ հրադադարի հաստատմանն ու բանակցությունների վերականգնմանը»,- հայտարարել է Զախարովան:

Վերջինս հավելել է, որ ՌԴ նախագահը Արցախում տիրող իրավիճակը երկու անգամ հեռախոսազրույցով քննարկել է Հայաստանի վարչապետի հետ: ՌԴ ԱԳ նախարարը նույնպես մշտական կապի մեջ է գտնվում իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

Զախարովան հիշեցրել է, որ սեպտեմբերի 29-ին հակամարտության սրումը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԵԱՀԿ Մշտական խորհրդում, որի ավարտին «անարդյունավետ և անպատասխանատու են անվանել ցանկացած ռազմական հայտարարությունները և երրորդ երկրների գործողությունները, որոնք կարող են հրահրել հետագա ապակայունացումը տարածաշրջանում»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ