hraparak.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Հանրային հեռուստաընկերության տնօրենը: Ըստ մեր հավաստի աղբյուրների, կառավարությանն առընթեր Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ կառավարական ամառանոցում սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ ցանկանում է հենց նրան տեսնել այդ պաշտոնում: Ստեղծված հանձնաժողովի անդամներին արդեն տրվել է հանձնարարական՝ Մովսիսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու, ինչը դուր չի եկել Հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանին, որի նախընտրելի թեկնածուն հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանն է:
Վերջինս իր հերթին փորձել է «Քաղպայմանագիր» կուսակցությունում իր մտերիմների միջոցով լոբբինգ իրականացնել եւ վարչապետին ներկայանալ որպես հավատարիմ մարդ: ՔՊ-ի որոշ առանցքային դեմքեր, երկու պատգամավոր ու մի նախարար հանդիպումներ են ունեցել նաեւ մյուս թեկնածուների հետ եւ հավաստիացրել, որ մրցույթն անցկացվելու է ազնվության ու անկողմնակալության սկզբունքով։ Չնայած Փաշինյանն արդեն իսկ որոշել է իր թեկնածուին: Հովհաննես Մովսիսյանից հետո թե ինչ կլինի հայտնի ՊՈԱԿ-ի ճակատագիրը, որը նաեւ որպես ֆեյքաբուծարան է գործում, պարզ չէ, բայց որ ամբողջ տեղեկատվական ռեսուրսը Փաշինյանը կենտրոնացնելու է Հ1-ում, կասկածից վեր է: Ավելին, Մովսիսյանի մրցութային ծրագիրը, ըստ որոշ լուրերի, գրել է նրա հետ բավականին մտերիմ Մարգարիտա Գրիգորյանը՝ Հ1-ի երկարամյա նախկին տնօրենը, որին աշխատանքից ազատեցին մի հորինված պատրվակով՝ Փաշինյանի ելույթի աշխատանքային դրվագների արտահոսքի համար։ Գրիգորյանն ու Մովսիսյանը, ըստ որոշ տեղեկությունների, պարբերաբար հանդիպում են։ Նոր Հայաստանի թավշյա իշխանությունները որոշել են ամեն գնով հասնել Փաշինյանի իշխանության վերարտադրմանը, եւ Հանրայինի ամբողջ ռեսուրսը պետք է ծառայեցվի մեկ անձի պաշտամունքի իրականացմանը: Ի՞նչ մրցույթ, ի՞նչ խեղկատակություն…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը