Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փողի կռիվ, դասակարգային պայքար, հումանիտար միջանցքի բացակայություն, էքզիստենցիալ հակադրություն։ Ահա՛ այն ամենն ինչ պետք է իմանալ Փաշինյան–Ծառուկյան բախման մասին։
«Էն գլխից» էլ պարզ էր, որ նրանց ջրերը մի առվով չեն հոսելու՝ անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ–ն հեղափոխությունից/իշխանափոխությունից 5 պակաս միացել էր հրապարակին և մեծապես նպաստել Փաշինյանի վարչապետ դառնալուն։
Փաշինյան–Ծառուկյան բախումն անխուսափելի էր և ոչ մի հուշագիր, ջրերի հովանավորություն կամ հարսանեկան արարողության հրավեր չէր կարող կանխել այն, և ահա թե ինչու։
Բանն այն է, որ իշխանության են եկել կապիտալի նախնական կուտակման փուլից դուրս մնացած, ագահ և բոլշևիկյան մտածողությամբ տղաներ ու աղջիկներ։ Շատերի առաջին աշխատանքը պատամավորն է, նախարարը․․․
Ահա այս մարդիկ փող են ուզում աշխատել (իշխող ուժի ներկայացուցիչների ունեցվածքի հայտարարագրերից երևում է, որ սկզբում ավտոմեքենա են գնել, հետո բնակարան, ապա՝ առանձնատուն ․․․)։ Եվ աշխատում են։ Բայց ոչ թե նոր արժեք ստեղծելու կամ եղածը զարգացնելու, այլ սեփականության վերաբաշխման միջոցով («երկրորդ սորտի» քայլարածներին վերաբաշխվող կապիտալից բաժին է հասնում պետբյուջեի հաշվին տրվող պարգևավճարը)։ Այսինքն՝ ընտրվել է հեղափոխական ճանապարհ։ Հեղափոխական տեմպերով փողի կուտակման ճանապարհ։
Ռեսուրսները սուղ են, տնտեսական ու համաճարակային ճգնաժամ է, բայց կապիտալ կուտակելու ցանկությունը ոչ թե զսպվել է «թավշյա» իշխանության մոտ, այլ է՛լ ավելի մեծացել։ Արդյունքում՝ ստացել ենք դասական պատկեր․ բոլշևիզմն՝ ընդդեմ բուրժուազիայի։
Մեկն ուզում է խլել ու կուտակել, իսկ մյուսն ուզում է պահել կուտակածը։ Անհամատեղելի ցանկություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը