Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, հայտնում է Sputnik Բելառուսը:
Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
Արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։
Այս տարի Բելառուսի պատմության մեջ կմնա որպես ծայրաստիճան հուզիչ շրջան: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն երդմնակալության արարողության ժամանակ:
«Մեր պետականությանն աննախադեպ մարտահրավեր նետվեց` անկախ պետությունների կործանման բազմիցս մշակված հուսալի տեխնոլոգիաների մարտահրավեր: Բայց մենք շատ քչերի թվում էինք, գուցե` նույնիսկ միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չունեցավ: Եվ դա բելառուսների ընտրությունն է, ովքեր ոչ մի դեպքում չեն ցանկանում կորցնել երկիրը»,- շեշտել է նախագահը:
Լուկաշենկոն նշել է, որ այս իրադարձությունները թույլ տվեցին համոզվել, որ բելառուսների ճնշող մեծամասնությունը սիրում է իրենց հողը, խաղաղություն, հանգստություն եւ բարեկեցություն է ցանկանում: «Չնայած դրսից սատանայորեն ճկուն հրահրումներին` մենք պահեցինք հարգանքը միմյանց նկատմամբ»:
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։
Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը