22 09 2020

Հուդաների ժամանակը. panorama.am

Հուդաների ժամանակը. panorama.am

Panorama.am-ը գրոում է.

«… Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է նրանց հրաժարականը, սակայն նրանք համառորեն հրաժարական չեն տալիս»։ Նիկոլ Փաշինյան,  08.10.18։

Հատկապես վերջին  օրերին  Երևանում ամենից շատ վանկարկվող կարգախոսներն են՝   «Նիկոլ, հեռացի՛ր», «Հեռացնե՛նք Նիկոլին»  «Պահանջո՛ւմ ենք կառավարության հրաժարականը»  (իհարկե, չենք մոռանում նաև առողջապահության և կրթության  նախարարների արդեն քաղաքային  առօրյա դարձած  հրաժարականների պահանջները)։ Հրաժարականի պահանջը ուրիշ  էլ ո՞նց է լինում․․․

Ընդ որում, վարչապետի հրաժարականի պահանջներում նրան արդեն բացահայտորեն մեղադրում են  «ամերիկահպատակ»  ու «թրքապաշտ» լինելու մեջ.  այսինքն՝ պետական դավաճանության  մեջ։ Եթե նորմալ ԱԱԾ ունենայինք, նմանատիպ  խոսքերն օդում չէին մնա․․․ կամ օրինակ  «Միասնական Հայաստան» կուսակցության  հիմնադիր Խաչիկ Ասրյանը և Ազատության հրապարակում  19․09․20թ․ նրան սատարող հարյուրավոր  միտինգավորները ստիպված կլինեին ապացուցել իրենց խոսքերի ճշմարտացիությունը, կամ էլ վարչապետի աթոռը զբաղեցրածը հապարակավ պետք է հերքեր կամ հաստատեր իր դավաճան լինել-չլինելը։

Բայց ո՞ւր էր թե այսքանով սահմանափակվեին դավաճանական բացահայտումները։

Ֆեյսբուքը ողողված է Իլհամ Ալիևի հարցազրույցից հատվածներով, որտեղ նա հայտնում է նաև իր  և ՀՀ վարչապետի միջև բանավոր պայմանավորվածությունների  մասին․ «Նրանք քննադատում էին նախկին կառավարությանը, մեզ ոչ պաշտոնական խողովակներով դրական ազդանշաններ էին ուղարկում և խնդրում իրենց ժամանակ տալ:  ․․․․Այդ միտքը ամրապնդվեց Հայաստանի վարչապետի հետ Դուշանբեում իմ մի քանի հայտնի հանդիպումներից հետո: Այդ ժամանակ ինձ խնդրեցին ժամանակ տալ, քանի որ Հայաստանի ներքին վիճակը բարդ է, ծանր է, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, իսկ դա շատ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա․․․»։  /Աղբյուր` AntiFake.am/

Ասվածին որևէ կերպ անդրադառնալու փոխարեն վարչապետը հայացքը նետել  է հեռավոր  2050 թվական։  Ջիվանին կասեր՝ «խելքին աշեցեք»․․․ 30 տարվա ռազմավարություն է մշակում մեկը, ում կառավարչական հմտությունները սահմանափակվում են   գրեթե մեկ տարի հանրապետությունը արտակարգ դրության մեջ է պահելով։

Հիմա   ի՞նչ անուն տաս թշնամու հետ գործակցողին, եթե ոչ հայրենիքի ու պետության  դավաճան։ Եվ այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հանրությանն ամենից շատ հուզող հարցերի բացահայտումներն օտարներից ենք իմանում․ մեկ Լավրովն է հայտարարում, որ սեղանին փուլային տարբերակն է, հիմա էլ Ալիևն է ներկայացնում «վերելակային» պայմանավորվածությունների նրբությունները։  Փաշինյան Նիկոլն այն  ժամանակ Լավրովին չհակադարձեց, Ալիևի դեպքում էլ քառօրյա լռություն է․․․ Ինչպես երևում է՝ վարչապետի հիշողության կորուստները խրոնիկական են դարձել։

Բայց սրանք չափազանց լուրջ մեղադրանքներն են, և «ջուր ծեծելու» տաղանդն այստեղ բացարձակ տեղ չունի։ Սա էլ հո մաքսանենգ ծխախոտն ու ադամանդը չեն, որ «ես ուղտ չեմ» ասելով հարցն իբր փակված համարվի։

Նաև սխալվելու  իրավունքն է  վաղուց սպառված   ինչպես Փաշինյանի, այնպես էլ ՔՊ-ի համար։ «Սխալվելու վճռականությանը»  նվիրված տավտալոգիան նրանց չի փրկելու ոչ արդեն գործած սխալների, ոչ էլ կանխատեսելի հանցանք-սխալների մեղքերի համար պատասխան տալուց։ Սխալներ, որոնց հետևանքների համար պետությունն է վճարելու, շատ թանկ է վճարելու։  Իզուր չէ, որ փորձագետներն Ալիևի բացահայտումներից պատերազմի հոտ են զգում։

Այս հուդաների՞ն էիք արժանի անկախության երեք տասնամյակների  տարատեսակ  դժվարությունները հաղթահարելուց հետո։ Ո՞ւր  մնացին հայի հզոր գենի մասին բարձրագոչ  ներբողները, եթե ազգովին մի հաժարականի էլ չենք կարողանում հասնել։

Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կառավարությունների հրաժարականները  սովորական երևույթ են, և նորմալ պաշտոնյաները հրաժարական են տալիս անհամեմատ թեթև ու անմեղ զանցանքների համար։  Իսկ  մեզանում դավաճանության մեջ կասկածվող վարչապետի հրաժարականի պահանջը, չգիտես ինչու որպես հակապետականություն է  ընկալվում։ Բավակա՛ն է ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Սխալվելու իրավունք Հայաստանում արդեն ոչ ոք  չունի, որովհետև  չկա  ավելի մեծ սխալ, մեղք ու թուլություն, քան բաց աչքով ու սթափ մտքով երկիրդ կորցնելը։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ