19 09 2020

Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ

Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ

2020թ. սեպտեմբերի 19-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն:

Օրակարգում երկրի ներքին և արտաքին մարտահրավերներն էին, քաղաքական իշխանության գործունեության գնահատականը և Դաշնակցության առաջիկա անելիքները:

Քննարկումների արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները.

  • Տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներին զուգընթաց, երկիրը կանգնած է արտաքին քաղաքական մեկուսացման վտանգի առջև: Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև մարտավարական ձախողումները, ներազգային համերաշխության և համախմբման դեմ կատարվող գործընթացները թուլացնում են հայկական կողմերի դիրքերը և մեծացնում պատերազմի սպառնալիքը:
  • Հասարակական հարաբերություններում խորանում է անհանդուրժողականության, ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Նսեմացվում են ազգային և ավանդական արժեքներն ու ինստիտուտները:
  • Կասեցվել է երկրի զարգացման ընթացքը: Տնտեսությունն անկում է ապրում, չկան նոր ներդրումներ, ավելանում են գործազրկությունն ու աղքատությունը:
  • Սոցիալական, առողջապահական, կրթական և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականությունը լիովին ձախողված է:
  • Ձևախեղվում է խորհրդարանական կառավարման համակարգը, հաստատվում է անձնիշխանություն: Մերժված արատներն ու բարքեր նոր դրսևորումներ են ստանում։ Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը։
  • Կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային կառավարման ձախողումն առավել ակնառու դարձրեց պետության կառավարման հարցում վարչախմբի անկարողությունը։
  • Ներկայիս Ազգային ժողովը, որպես առաջնային պատասխանատու քաղաքական մարմին, այլևս չի արտահայտում ժողովրդային լայն զանգվածների տրամադրություններն ու  քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, կորցրել է ներկայացուցչական մարմնին հատուկ դերակատարությունը և ի վիճակի չէ լուծել առկա մարտահրավերները:

Ելնելով խորհրդակցության արդյունքներից` ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը վերահաստատեց.

  1. Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումն այլընտրանք չունի:
  2. Նոր իշխանության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն ներազգային համերաշխության հաստատումը, առկա ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծով երկրի զարգացման ապահովումը:
  3. Հանրության լայն շրջանակների ընդգրկմամբ` անհրաժեշտ է նոր թափ հաղորդել այս նպատակն ապահովող քաղաքական աշխատանքներին:
 

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ