Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթերի վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթերի վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից:
«Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի և ԵԱՏՄ-ի շրջանակում»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան:
«Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,- ընդգծել է Կոպիրկինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը