«Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն՝ ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին․․․» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, 16․09․20թ։
Ո՞վ է որոշելու այդ հիմքերը, եթե ոչ հանրությունը։ Իսկ հանրությունը՝ ներկայացնելով բազմաթիվ հիմքեր, տարուց ավելի պահանջել և շարունակում է պահանջել սույն նախարարի հրաժարականը։ Բայց հանրության պահանջը նախարարի համար հիմք չէ։
Ուրիշ ո՞վ պետք է ասի «լավ չես աշխատում, հեռացի՛ր», որ տեղ հասնի․․․ Երևի թե միայն Սորոսի գրասենյակում ունեն այդ մանդատը, քանի որ ըստ հրապարակումների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիսանում է «օլիգարխ Սորոսի փողերով հիմնադրված Թրանսփարենսի կազմակերպության անդամ»։
Հարությունյանի հրաժարականն են պահանջել նաև խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, սակայն ինչպես և սպասվում էր՝ խորհրդարանական մեծամասնությունը չզոհաբերեց «հեղափոխության առաջնորդներից մեկին»։ Դե, ինչպես կարող են դեմ գնալ վերին կամքին, քանի որ վարչապետն ինքն է իր անթաքույց զորակցությունը հայտնել սուպեր նախարարին՝ չկարողանալով «չհամաձայնել» ԲՀԿ առաջնորդի հասցեին արված նախարարի բազմիմաստ ակնարկի հետ։
Այ, հենց սորոսյան և նիկոլյան թիկունքներն են անվերջ լրացնում Արայիկ Հարությունյանի ցինիզմի պաշարները՝ լիցքավորելով նրան «մեկ ա, իմ դեմ խաղ չկա» ամենակարողության զգացողությամբ։ Ցինիզմից բացի նաև անսահման ինքնահավանությունն ու մեծամտությունն են սույն պաշտոնյային բնորոշ հատկանիշները։
Պնդել, որ 30 տարվա ընթացքում չի եղել ավելի ազգային կրթություն, քան իր պաշտոնավարման օրոք, նշանակում է իրականությունը շրջել 180 աստիճանով՝ արհամարհելով ծնողին ու մանկավարժին, փորձագետին ու ակադեմիկոսին, ովքեր փաստերով ապացուցում են, որ «ձեր պատկերացրած ազգային կրթությունն ու դաստիարակությունն իրականում ամենից ապազգայինն են»։ Որքան պետք է չսիրել սեփական ազգն ու հայրենիքը՝ օտարածին արժեքները ազգային տակ «սղացնելու» համար։
Խոսելով «բարեփոխումները» մինչև վերջ իրագործելու մասին, պարոն նախարարը հավանաբար նկատի ունի սորոսյան «ՀՀ վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ» ճանապարհային քարտեզում «Կրթություն» բաժնի հրահանգները /էջ 55/; Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ | OSF։ Բայց մեծ հարց է՝ ուզում են արդյոք հայ ծնողներն իրենց երեխաներին անազգ-անհայրենիք աշխարահաքաղացի մեծացնել։ Վստահաբար ոչ, այդ պատճառով էլ չեն դադարում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերը։
Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ | OSF
Բայց քանի դեռ նախարարն ունի ամուր թիկունք, բողոքները օդի մեջ էլ կմնան։ Այնպես որ, պետք է հրաժարականները խիստ կանոնակարգված պահանջել՝ նախ Սորոսին իր գրասենյակով վտարել Հայաստանից, հետո վարչապետի պաշտոնից հեռացնել Փաշինյանին․․․ և մնացածներն իրենք իրենց կտապալվեն, քանի որ ըստ էության մեծամասամբ պատահական քայլարածներ են։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը