04 09 2020

Պատմությունը կրկնվելու հավանականություն ունի․ Լիլիթ Մակունցը՝ ԲՀԿ-ին

Պատմությունը կրկնվելու հավանականություն ունի․ Լիլիթ Մակունցը՝ ԲՀԿ-ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ-ն վիրավորվել է այն հանգամանքից, որ հիշեցվել է հուժկու հանրահավաքներ սկսելու իրենց տապալված փորձը 2015թ.-ին:

Երբ քաղաքական ուժը հայտնվում է քաղաքական պայքարի առաջնագծում ոչ սեփական օրակարգով, ապա մեծ է հավանականությունը, որ իքս պահի իրեն կդավաճանեն և նա կմնա միայնակ ու կպարտվի։ Խոսքը սրա մասին է, ինչը տեղի է ունեցել 2015թ.-ին։ Իսկ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի։ Խոսքը անձնական դաշտում չէ, այլ քաղաքական պարզագույն, աքսիոմատիկ ճշմարտության մասին է։ Թե չէ որքան ցանկանում են, թող հանրահավաք անեն, թեկուզ՝ ամեն օր։

Չնայած նրան, որ իմ ճեպազրույցի ընթացքում չեմ հնչեցրել որևէ անձնական վիրավորանք, ԲՀԿ իմ գործընկեր Իվետա Տոնոյանը խնդրել է զերծ մնալ անձնական վիրավորանքներից: Եթե այդքան անպատվաբեր է ասոցացվել որոշ ուժերի հետ, ապա, առավել ևս, այդ հանգամանքը ԲՀԿ-ին պետք է ավելի շատ մտածելու տեղիք տա:

Եվս մեկ բան. եթե չեմ սխալվում, ինչպես ես, այնպես էլ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դասախոս է: Նա կարող է իր աշխատանքը չհարգել, դա իր իրավունքն է, բայց թող չփորձի այլևս ուսուցիչների և դասախոսների անունը հոլովել որպես անպատվաբեր առաքելություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ