31 08 2020

Միակողմանի զիջումները բացառվում են․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին

Միակողմանի զիջումները բացառվում են․ Զոհրաբ Մնացականյանը՝ «Ինտերֆաքս»-ին

Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարեւան բոլոր տարածաշրջանների համար: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով հարցին, որ Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» եւ ճնշում է թե կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը նշել է, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել:

«Միակ երկիրը, որը փորձեց չնվազեցնել լարվածությունը եւ անկայունություն մտցնել տարածաշրջանում, դա Թուրքիան էր: Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարեւան բոլոր տարածաշրջանների համար:  Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը ներդնել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Թուրքիան շարունակում է իր գործողություններով սպառնալիք ցուցադրել Հայաստանի անվտանգության համար: Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով»,-ասել է Մնացականյանը:   

Նա անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման եղանակներին և պատրաստակամություն հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։

«Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ: Դա հնարավոր կլինի խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով, որը հիմնված կլինի փոխզիջումների վրա: Միակողմանի զիջումները բացառվում են: Դրանք չեն կարող հեռանկարներ ունենալ: Խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար»,- մեկնաբանել է Մնացականյանը՝ կարևորելով հիմնախնդրի կարգավորման հարցը: 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջիկայում հանդիպում նախապատրաստելու մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ նախարարը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել և շարունակել քննարկումները:

«Մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից հրաժարվելու և մաքսիմալիստական մոտեցումների մեջ է: Հայատասնի համար կարևոր և հստակ առաջնահերթություններ կան: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթ է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն առանց որևէ սահմանափակումների, Արցախի համար անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություններ են: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևերը, որոնք թույլ կտան մեզ համադրել հնարավոր փոխզիջման միջոցները»,- ասել է Մնացականյանը:

Վերջինս ընդգծել է նաև բանակցային գործընթացին Արցախի լիարժեք ներգրավման կարևորությունը: «Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն՝ առանց որևէ սահմանափակումների, Հայաստանի մոտեցումն է խաղաղ կարգավորման հարցին»,- հավելել է ԱԳ նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ